Գերմանիան չեղյալ է համարել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ գաղտնալսման համաձայնագրերը

09:36 • 03.08.13

Գերմանիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ բոլոր այն համաձայնագրերը, որոնք հնարավորություն են տալիս այդ երկրների հատուկ ծառայություններին լրտեսել Գերմանիայի տարածքում, հայտնում է Взгляд-ը։

 

Russia Today-ը՝ հղում կատարելով Deutsche Welle-ին, տեղեկացնում է, որ գերմանական կողմն արդեն Վաշինգտոն ու Լոնդոն է ուղարկել համապատասխան փաստաթղթերը։

 

«Համաձայնագրերի չեղյալ համարումը պայմանավորված է վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած սկանդալային բացահայտումներով։ Անձնական կյանքի պաշտպանության հարցում դա անհրաժեշտ ու ճիշտ քայլ էր»,-ասել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն։

 

Նշված երկրների միջև համաձայնագրերը կնքվել էին դեռևս անցած դարի 60-ական թվականներին, սակայն հունիսի վերջին գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում է ամսական 500 մլն հեռախոսազրույց ու համացանցով ուղարկված հաղորդագրություններ կարդում։ Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը վաղուց է իմացել իր տարածքում ԱՄՆ-ի ծավալած գործունեության մասին։

 

Երկրի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին ասել է, որ հեռահաղորդակցային մոնիթորինգ չիրականացնելու դեպքում ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ չի լինի, ուստի որոշ դեպքերում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնալսումն արդարացված է։