Գյումրու թիվ 16 մանկապարտեզի անհետացած տնօրենին որոնում են ոստիկանները

11:08 • 03.08.13

Հուլիսի սկզբին Գյումրու թիվ 16 մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանը, վերցնելով աշխատակիցների աշխատավարձերը, հեռացել էր քաղաքից: Տնօրենի անհետացումը բավական ուշ է հայտնաբերվել՝ մոտավորապես 7-րդ օրը: Նրա անհետացումից հետո մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն մանկապարտեզի մեթոդիստ Սյուզաննա Հարությունյանը: Անհետացած տնօրենի գործով նախաքննություն է ընթանում:


Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ՝ ներկայում թիվ 16 մանկապարտեզում բոլոր տեսակի կազմակերպչական խնդիրները կարգավորված են, խնդիրներ չկան ո՛չ ծնողների, ո՛չ հանրույթի հետ:


Ինչ վերաբերում է Գոհար Չիլինգարյանին, իրենք մինչ օրս չգիտեն, թե որտեղ է նա, նախաքննական մարմինը ևս որևէ տվյալ չի հրապարակում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցի ղեկավարը մեկ շաբաթ աշխատանքի չգալով հանրույթի կողմից որևէ ահազանգ չի հնչել: Պարզվում է՝ մանկապարտեզի անհետացած տնօրեն Գոհար Չիլինգարյանը բավականին լուրջ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է եղել: Նրա բացակայությամբ անգամ աշխատանքները բավական հստակ են կազմակերպվել և աղմուկ է բարձրացել միայն այն ժամանակ, երբ մանկապարտեզի որոշ աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանալու նպատակով սկսել են փնտրել տնօրենին: