ԱԱԾ Չարենցավանի պետի ազգականին սպանողը կալանավորվեց
Հրազդանի «Ամրոց» ռեստորանի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հիվանդանոցում մահացել էր հիշյալ միջադեպի մյուս մասնակիցը՝ 34-ամյա Նվեր Աբելյանը, ում վիճաբանությունից հետո ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վեճի մասնակիցները փեսա և աներձագ էին. Նվեր Աբելյանը Աշոտ Խաչատրյանի նախկին փեսան էր՝ քրոջ ամուսինը: Ի դեպ, Աբելյանը Ազգային անվտանգության ծառայության Չարենցավանի բաժանմունքի պետի ազգականն էր:










