Հասան Ռուհանին այսօրվանից պաշտոնապես ստանձնում է Իրանի նախագահի լիազորությունները

10:34 • 03.08.13

Իրանի նախագահական ընտրություններում (տեղի են ունեցել հունիսի 14-ին- Tert.am) հաղթանակած Հասան Ռուհանին այսօր պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները՝  երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինելով Մահմուդ Ահմադինեժադին, հայտնում է BBC-ն։

 

Այս կապակցությամբ մայրաքաղաք Թեհրանում կկազմակերպվի հատուկ միջոցառում, որին կմասնակցի երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

 

Մինչդեռ 64-ամյա նորընտիր նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կկայանա վաղը։ Ռուհանին խոստացել է բարեփոխումներ իրականացնել երկրում ու վերջ դնել Իրանի միջազգային մեկուսացմանը։