Գյումրիում ավագ դպրոցի տնօրենը հափշտակել է 2 729 430 դրամ. հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ: Այս մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են Շիրակի մարզի դատախազությունից:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի` 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:
Ըստ նախաքննության նյութերի՝ տնօրենը, վերոհիշյալ գումարը, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:










