Ես ոչ միայն շնորհալի եմ, այլև տաղանդավոր կազմակերպիչ եմ. Լևոն Անանյան

13:24 • 03.08.13

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն, ով 4-րդ անգամ վերընտրվել է միության նախագահի պաշտոնում, Tert.am-ի հարցից, թե չկա՞ն արդյոք արժանի փոխարինողներ Գրողների միությունում բորբոքվեց։


«Ես ոչ միայն շնորհալի եմ, այլ տաղանդավոր կազմակերպիչ եմ, և պարոն Անանյանը ոչ մեկին չի համոզել, ոչ մի ձայն չի գնել։ Պարոն Անանյանը շատ դժվարությամբ եկավ եզրահանգման, որ առաջադրվի։ Եթե դուք ինձանից հոգնել եք, բա ե~ս այնքան եմ հոգնել ձեզանից, հնարավոր չի ասել»,- ասաց նա։


Լևոն Անանյանը վստահ է, որ իրենից հետո միությունը սոդոր-գոմորի կվերածվի.


«Պարոն Անանյանն այնքա~ն ջանք է գործադրել, այնքա~ն ուժ է ներդրել այս 12 տարվա ընթացքում, որ չի ուզում, որ իրանից հետո, այսքանից հետո՝ փլուզի։ Իսկ այս խայտառակ մաղձի, թույնի, փոխադարձ ժխտումի մթնոլորտում Անանյանը հենց այնտեղից դուրս եկավ, հավանաբար սոդոր-գոմորի կվերածվի, ես շատ լավ եմ պատկերացնում... քանի դեռ Աբգար Ափինյանը կա»։


Միության նախագահին հուզում է նաև հասարակության անառողջ մթնոլորտը։


«Այն է, որ ոչ մի լավ բան չի գնահատվում, բոլորն ուզում են քանդվի: Սկանդալ... բացեք մամուլը՝ տեսեք ինչ է կատավում։ Մի խմբագիր կա, հենց տեսնում է Անանյանը մի լավ նախաձեռնություն ունի, ուղղակի ցնցակաթվածի մեջ է ընկնում և սկսում է խայտառակ ցինիզմով ինչ ասես՝ դուրս տալ։ Նրան էլ եթե ժամանակին Աբգար Ափինյանի նման ճակատագրի արժանացնեին՝ որպես զրպարտիչ դատական ատյաններում քարշ գար, անկախ նրանից, թե ով է նրա գրպանում կանաչ դոլարներ դնում...»,- ասաց նա։


Հայաստանի գրողների միության նախագահը հարց է ուղղում. «Ի՞նչ է՝ մյուս ստեղծագործական միությունները լավ վիճակում են» և ավելացնում, որ ինքը 25 տարի ժուռնալիստ է աշխատել մաքուր խղճով և ոչ թե մի կտոր հացի համար խիղճ վաճառելով։


«Փառք Աստծու, «Գարունն» էլ գիտեք ոնց եմ ղեկավարել, երբեք իմ խղճի դեմ ոչ մի բան չեմ արել ու մի կտոր հացի համար էլ խիղճս չեմ ծախում։ Ես հիմա ապշում եմ, թե էտ ի՞նչ անբարո վիճակ ա, էս ո՞նց է կատարվում, որ մարդիկ ճշմարտությունը թողած գրում են հակառակը»,- ասաց միության նախագահը և հորդորեց. «Դուք հլա փորձեք միջազգային գրական փառատոն կազմակերպել։ Քանի~ հայտնի գրող եմ հրավիրել, ինչե~ր եմ արել»,- ասաց նա։


Մեր դիտարկմանը՝ թե արդյոք դա չէ՞ միության նախագահի աշխատանքը, վրա բերեց. «Արի՝ արա՛, քեզ ո՞վ է փող տալիս, տե՛ս քանի՛ հիվանդ գրողի հարց եմ լուծում, քանի՛ երեխեքի՝ ահել-ջահել, կեսը գիրքը չի կարում տպի։ Դուք էստեղ նստած, չգիտեմ՝ ինչ եք գրում»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը քարոզելու կարիք չունի։