Երկաթուղային տոնի առթիվ Գյումրիում բացվեց երկաթուղային թանգարան (լուսանկարներ)

16:51 • 04.08.13

Գյումրիում այսօր նշվեց երկաթուղայինների տոնը, որի շրջանակներում հանրապետության երկրորդ քաղաքում բացվեց նաև երկաթուղային թանգարան:


Նախ բացվեց խաչքար՝ նվիրված 1988թ-ի երկրաշարժին զոհված երկաթուղայինների հիշատակին: Ժամը 11-ին «Գյումրի» կայարան մեծ հանդիսավորությամբ մուտք գործեց շոգեքարշը՝ էլ ավելի փայլ ու շուք հաղորդելով տոնին:


Երկաթուղայինի օրը ավանդույթի համաձայն նշվում է ամեն տարի, օգոստոսի առաջին կիրակին: Նկատի ունենալով, որ Գյումրին ընտրվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն որոշել էր երկաթուղայիններին նվիրված տոնակատարությունն անցկացնել հանրապետության երկրորդ քաղաքում:


Երկաթուղային ոլորտում աշխատող 4 հազար երկաթուղայինի և ոլորտի վետերաններին նախ շնորհավորեց «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նա նշեց, որ Գյումրին այն քաղաքն է, որտեղից կարելի է ասել, սկսվել է երկաթուղու ծնունդը:


«Այստեղ ձևավորված ավանդույթները փոխանցվում են սերնդե սերունդ, ամրապնդվում և զարգանում են շնորհիվ ձեզ, սիրելի երկաթուղայիններ: Պետք է ասեմ, որ երկաթուղայինի օրը, մի տոն է, որ նշվել է, թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ ՀՀ անկախության տարիներին»,- իր ելույթում ասաց Վիկտոր Ռեբեցը:


Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վալիկինը, կարևորելով հայ-ռուսական համագործակցությունն այս ոլորտում, անդրադարձավ ռուսական ներդրումներին, որ վերջին տարիներին կատարվել են այս ոլորտում:


«Ես այսօր առաջին անգամ այցելեցի Գյումրի կայարան և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ կատարված աշխատանքների մակարդակով: Ես հստակ տեսա և կարող եմ ասել, որ Ռուսաստանից այստեղ ուղղորդված դրամական միջոցները լիարժեք ծառայել են իրենց նպատակին»,– ասաց նա:


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը տոնի մասնակիցներին փոխանցեց վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը: Երկաթուղայիններին շնորհավորելու էին եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ պատգամավորներ, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:


Տոնի կապակցությամբ պարգևներ հանձնվեցին վաստակաշատ երկաթուղայիններին և ոլորտի լավագույն աշխատակիցներին:


Առաջին շոգեքարշը Ալեքսանդրապոլ (Լենինական, Կումայրի, Գյումրի) մուտք է գործել 1899թ-ին, երբ ավարտվել է Ջաջուռի երկաթուղային թունելի շինարարությունը: 1911թ-ին Լենինականում շահագործման է հանձնվել վագոնային դեպոն, իսկ 1941-42թթ-ին՝ լոկոմոտիվային դեպոն:


2008թ-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ձեռնարկությունը՝ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը, որի ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: