Ամերիկացի սենատորը Պուտինին համեմատել է դպրոցական խուլիգանի հետ

10:47 • 05.08.13

Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ ՌԴ իշխանությունների որոշումը համեմատել է դպրոցական խուլիգանի արարքի հետ և խորհուրդ տվել նախագահ Բարաք Օբամային չեղյալ համարել սեպտեմբերին նախատեսված ՌԴ այցը, գրում է rbc.ru-ն։


«Նախագահ Պուտինն իրեն պահում է դպրոցական խուլիգանի պես։ Իմ փորձից գիտեմ, որ եթե նման խուլիգանին դաս չտաս, ապա նա երբեք կանգ չի առնի»,-ասել է նա CBS հեռուստաալիքով հեռարձակվող թոք-շոուի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ռուսաստանն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին 1 տարի ժամկետով ապաստան էր տրամադրել, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն իր «խոր հիասթափությունն» է հայտնել։

Սնոուդենն արևմտյան ԶԼՄ-ներին պատմել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ-ի քաղաքացիներին գաղտնալսելու մասին։