Էրդողանը Գազա չի կարողանա այցելել՝ Եգիպտոսի արգելքի պատճառով. լրատվամիջոցներ

08:56 • 05.08.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի սկզբին նախատեսված այցը Գազայի հատված հետաձգվել է, հաղորդում է Lenta.ru-ն՝ The Times of Israel-ին հղումով, որն էլ իր հերթին հղում է անում եգիպտական լրատվամիջոցներին։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ եգիպտական իշխանությունները հրաժարվել են ընդունել Էրդողանին իրենց տարածք. Թուրքիայի վարչապետը Գազա կարող է մեկնել միայն Եգիպտոսից։

 

Այցի հետաձգման պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատել ո՛չ Թուրքիան, ո՛չ Եգիպտոսը, ո՛չ պաղեստինյան կողմը։

 

Գազա այցելելու վերաբերյալ նախնական պայմանավորածությունը ձեռք էր բերվել 2013թ.-ի գարնանը, երբ Եգիպտոսի նախագահը դեռ Մուհամեդ Մուրսին էր։

 

Հունիսի սկզբին «Համաս» պաղեստինյան շարժումը հայտարարել էր, որ Էրդողանը Գազայի հատված կժամանի հուլիսի 5-ին, սակայն Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունը շտապել էր տեղեկացնել, որ Էրդողանի այցի ճշգրիտ ժամկետը դեռևս անհայտ է։