Գյումրիում ոստիկանները փորձել են գողություն կատարել «Ռուբին» ոսկու վաճառքի սրահից
Tert.am-ն այսօր, ժամը 10:30-ի սահմաններում ահազանգ էր ստացել, որ երեկ գիշերը Գյումրիի «Ոսկու աշխարհ» կոչվող առևտրի կենտրոն են մուտք գործել ոստիկանության աշխատակիցներ Հրայր Քալաշյանն, ով աշխատում է Շիրակի մարզային ոստիկանությունում, որպես պետի տեղակալ, և ոստիկանության ևս մեկ աշխատակից:
Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից լուրը ճշտել չհաջողվեց: Նա հայտնեց, որ իր մոտ խորհրդակցություն է: Որևէ տեղեկություն չտրամադրեցին նաև Գյումրու ոստիկանությունից՝ հորդորելով զանգահարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:
Մինչ Tert.am-ը փորձում էր տեղեկատվություն ստանալ ոստիկանության լրատվության վարչությունից, 11:15 րոպեին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տարածեց պաշտոնական տեղեկատվություն: Ըստ որի, անցած գիշեր, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից:
Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ վնասազերծել ու բերման էր ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանին /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանին /համակարգում է 1998 թվականից/:
Վերջիններս չէին հասցրել մուտք գործել «Ոսկու աշխարհ» առևտրի սրահ և իրականացրել իրենց հանցավոր մտադրությունը:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:










