Հայերը շատ խելացի են, տաղանդավոր, ուղղակի ֆատալիստական մոտեցում ունեն կյանքի նկատմամբ. Ջոն Հեֆերն

15:55 • 05.08.13

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ապաքաղաքական հարցազրույց է տվել Tert.am-ին և պատմել մեր երկրից ստացած իր տպավորությունների մասին: Պարոն դեսպանն ասում է, որ իրեն ապշեցրել է այն հանգամանքը, թե ինչքան հասանելի են Հայաստանի պետական պաշտոնյանները։ Սա Ջոն Հեֆերնը առանձնացնում է որպես մեր երկրին բնորոշ դրական կողմ, իսկ որպես բացասական՝ նշում այն, որ շատ մարդիկ ճակատագրապաշտական մոտեցում ունեն կյանքի նկատմամբ և ընկճվում են։ Պարոն դեսպանը խորհուրդ է տալիս ավելի լավատես լինել: Դեսպանը պատմում է, թե ինչպես չեն կարողացել իրեն հասկացնել խաշի փիլիսոփայությունը և ինչպես են սովորեցրել սիրել մեղրն ու ընկուզեղեն-չրեղենը:


- Մեծարգո պարոն դեսպան, երբ գալիս էիք Հայաստան, ի՞նչ պատկերացում ունեիք մեր երկրի մասին և ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը: Ի՞նչը Ձեզ զարմացրեց հատկապես, ի՞նչը դուր եկավ կամ դուր չեկավ և շարունակում է դուր չգալ:


- Ես այս տարածաշրջանում և, ընդհանրապես, նախկին խորհրդային երկրներում երբեք չէի աշխատել և չգիտեի, թե ինչ կարելի է ակնկալել։ Բայց այն, ինչ շատ հաճելիորեն զարմացրեց մեզ՝ ինձ և կնոջս, այն էր, որ մեզ շատ բաց և ջերմորեն ընդունեցին Հայաստանում՝ թե՛ Երևանում, թե՛ ամենուր։ Դա իմ առաջին տպավորությունն է, որ մինչ օրս ինձ մոտ պահպանվում է, և այդ ջերմ ընդունելությանը մենք մինչ օրս շարունակում ենք արժանանալ այստեղ։ Դա շատ հաճելի է: Ոչ մի երկիր կատարյալ չի, ոչ մի ժողովուրդ նույնպես և, իհարկե, կան բաներ, որոնք մեզ հուսախաբ արեցին։ Կոնկրետ թե ինչից ենք մենք հուսախաբ եղել և դրա շուրջ հնարավորինս աշխատում ենք՝ դա կապված է մարդկանց ակնկալիքների հետ։ Հայերը շատ խելացի են, շատ տաղանդավոր են և, վստահ եմ, որ նրանց լավ ապագա է սպասվում։ Ուղղակի շատ ափսոս է տեսնել, որ շատ մարդիկ ֆատալիստական՝ ճակատագրապաշտական մոտեցում ունեն կյանքի նկատմամբ, ընկճվում են։ Կարծում եմ, որ ավելի շատ պետք է հնարավորությունները աչքիդ առաջ ունենալ, իհարկե, դժվարություններ, խնդիրներ կան, բայց պետք է հայացքը բևեռել դեպի հնարավորությունները:


- Իսկ հասցրել ե՞ք շրջագայել մեր երկրում, ունե՞ք սիրած վայրեր, ուր ավելի հաճախ եք լինում, եթե այո, որո՞նք են դրանք։


- Ես և կինս՝ Լիբբին, Հայաստանի շատ վայրերում ենք եղել, բոլոր 10 մարզերում էլ։ Իմ գրասենյակում մի քարտեզ կա, որի վրա մեր բոլոր այցելած վայրերը քորոցով նշում ենք, և երբ քարտեզին նայում ենք, բավական վայրեր նշված են։ Ուր էլ որ գնացել ենք, ամեն տեղ մի յուրահատուկ, ինքնատիպ բան տեսել ենք և կարծում եմ, որ այդ համայնքները պետք է իրենց ինքնատիպությունն ու առանձնահատկությունը փորձեն օգտագործել։


Ցանկանում եմ երեք դիտարկում անել։ Առաջինը Գյումիրից. 4-5 անգամ Գյումրիում եղել եմ: Շատ հետաքրքիր վայր է, մարդիկ էլ շատ հետաքրքիր են։ Գյումրին այս տարածքի մշակութային մայրաքաղաքն է։ Գյումրու մշակույթը, տեսարժան վայրերը կարծում եմ խիստ ինքնատիպ են և, հուսով եմ, որ Գյումրիում կվերականգնվի բիենալեների՝ արվեստների երկամյա փառատոնների ավանդույթը:


Երկրորդն ուզում եմ անդրադառնալ փառատոններին, որոնք անցկացվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Սա շատ առանձնահատուկ է, չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց, այնումենայնիվ, բոլորն բնակավայրերն էլ առանձնահատկություն ունեն։ Հենց այդ ինքատիպության, հատուկ հմտությունների գործոնը պետք է համայնքները կարողանան օգտագործել։ Փառատոններից մեկը Բերդի մեղրի ու հատապտուղների փառատոնն է Տավուշի մարզում։ Մենք անցյալ տարի գնացինք, այս տարի ևս կլինենք՝ օգոստոսի 18-ին է լինելու։ Այն շատ հետաքրքիր միջոցառում է, և մարդիկ ներկայացնում են Հայաստանի տարբեր վայրերի մեղրը, հատապտուղները։ Շատ հաճելի ժամանց է այդ փառատոնին մասնակցելը։


Իսկ երրորդը, որ կցանկանայի առանձնացնել, դա Հայաստանի հնավայրերն են, հնէաբանական տուրիզմը շատ մեծ ներուժ ունի այստեղ։ Նշեմ, օրինակ, Արենու քարանձավը. դա միայն մեկն է, և երբ քարանձավը պատրաստ լինի ընդունել տուրիստներին, շատ սիրված վայր կլինի ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև հնագիտությունն ուսումնասիրող ուսանողների համար։ Նմանատիպ վայրեր Հայաստանը շատ ունի, որոնք կարող են հրամցվել միջազգային այցելուներին և զբոսաշրջիկներին։

- Փաստորեն, բավական լավ ծանոթացել եք Հայաստանին, իսկ ի՞նչ կասեք Արցախի մասին, եղե՞լ եք Արցախի տեսարժան վայրերում։ Այնտեղ ևս Ձեզ համար առանձնացրել եք սիրված վայրեր: Իսկ եթե չեք այցելել, ապա ինչու՞, ի՞նչ պատճառով՝ քաղաքակա՞ն, թե՞ ուղղակի դեռ չեք հարմարեցրել:


- Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է որպես վիճարկելի տարածք։ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկն է, որոնք աշխատում են այս հակամարտության լուծման ուղղությամբ։ Քանի դեռ այդ վեճը լուծված չէ, օտարերկրյա դիվանագետները ԼՂ չեն այցելում։


- Լավ, Ձեր դիվանագիտական պատասխանը հասկանալի էր: Ուրեմն էլի անցնենք ապաքաղաքական հարցերին: Հայկական խոհանոցին ինչպե՞ս եք վերաբերվում, ո՞ր ուտեստներն եք նախընտրում։ Հետաքրքիր է՝ օրինակ, խաշ փորձե՞լ եք: Եթե այո, դուր եկե՞լ է, ընկալելի է Ձեզ հայկական խաշի «փիլիսոփայությունը»։


- Նախ խոսենք խաշից։ Մի երկու անգամ կերել եմ, իմ ամենասիրած ուտեստներից չէ, փիլիսոփայությունն էլ չգիտեմ։ Խաշի ջուրն ինձ դուր է գալիս, բայց այդ խոշոր մսի կտորն այդքան էլ ինձ դուր չի գալիս։
Խորոված այստեղ գտնվելու ընթացքում շատ եմ ճաշակել, բոլոր տեսակներով՝ հավի, խոզի, տավարի, ամեն ձևով էլ ինձ դուր է գալիս։ Բազմիցս ճաշակել եմ և մինչև գնալս նորից շարունակելու եմ օգտվել։ Անցած տարի ես ու կինս գնացինք Ախթալայի խորովածի փառատոնին և, պետք է ասեմ, որ ես ու կինս մի փոքր զարմացած էինք։ Մենք ակնկալում էինք, որ այնտեղ պետք է լինի շատ-շատ խորոված մսեր, բայց տեսանք խորոված մրգեր, որ մինչ այդ երբեք չէինք կերել։ Այնտեղ խորոված դեղձ կար ու ամեն տեսակ խորոված մրգեր կային և, պետք է ասեմ, շատ զարմանալի էր ինձ համար ճաշակել ու տեսնել, թե ինչքան լավն են խորոված մրգերը։

Եվ, ի վերջո, մեղրի, չրեղենի և ընկուզեղենի մասին։ Ես և կինս ունենք 4 աղջիկ և մեկ տղա և մեր ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները միշտ սիրել են մեղրը, չրեղենն ու ընկուզեղենը։ Ես ու տղաս չէինք օգտվում այդ բարիքներից և ասում էինք, որ դա թռչնի կեր է։ Իսկ ինչ եկել եմ Հայաստան և շուրջ երկու տարի է՝ այստեղ եմ, ես էլ սկսել եմ և՛ մեղր ուտել, և՛ ընկուզեղեն, և՛ չրեղեն, փաստորեն, մեր ընտանիքի աղջիկները ճիշտ էին։

- Ամռան վերջին ամիսն է, արդյոք հասցրե՞լ եք կամ պատրաստվու՞մ եք հանգստանալ, որտե՞ղ եք անցկացրել կամ անցկացնելու Ձեր հանգիստը։


- Ամռան ողջ ընթացքում ես Հայաստանում եմ լինելու, մի շարք տեղերում եղել եմ: Նշեցի, որ դեռ բերքի փառատոնին կգնամ մոտ օրերս, այլ տեղեր ևս կգնամ, ինձ շատ հետաքրքիր է։ Իսկ մինչ այդ մեր երեխաներից երկուսը եկել էին Հայաստան, որոնց հետ որոշ ընկերներ նույնպես մեզ հյուր էին եկել։ Միասին գնացինք Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Ճանապարհին մենք Խոր Վիրապում կանգառ ունեցանք, հետո մեր հաջորդ կանգառը Արենու քարանձավն էր, այնտեղ նաև ճաշակեցինք Արենու գինի, Խոսրովի արգելոց գնացինք, մի փոքր ձիավարեցինք։ Իսկ Սյունիքի մարզում եղանք Տաթևում նաև Սիսիանում, Կապանում, մարզի հյուսիսային կողմերում և շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։


- Պարոն Հեֆերն, հետաքրքիր է՝ հայ քաղաքական գործիչների շրջանում ընկերներ ձեռք բերե՞լ եք։ Եթե այո, ընկերանալիս հաշվի առնու՞մ եք տվյալ անձնավորության քաղաքական հայացքները, նրանք հատկապես ո՞ր դաշտից են՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր։


- Մենք այստեղ՝ Հայաստանում, շատ ընկերներ ունենք և նաև գործընկերներ, և մեր ընկերության հարցում իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը որպես գործոն չի դիտարկվում։ Հաշվի է առնվում քաղաքական կողմնորոշումը. մենք գործընկերություն ենք ձևավորում և նաև ընկերանում ենք այնպիսի գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և ովքեր օգնում են, որպեսզի Հայաստանն առաջ շարժվի ճիշտ ուղղությամբ։ Եվ մենք այդպիսի գործընկերներ կարողանում ենք գտնել թե՛ քաղաքական կուսակցություններից, թե՛ նախարարություններից, թե՛ մասնավոր հատվածից, թե՛ համալսարաններից, թե՛ քաղաքացիական հասարակությունից, թե՛ մամուլի ներկայացուցիչներից, այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են, որպեսզի Հայաստանն ավելի լավը դառնա և մենք նրանց հետ գործակցում ենք։


-Հայաստանում, երբ վիկիլիքսյան բացահայտումները կարդացինք, տպավորություն էր, թե նախորդ դեսպանների հետ հայաստանյան քաղաքական գործիչները բավական սերտ հարաբերությունների մեջ են, այդ համագործակցությունը շարունակվում է նույն ակտիվությամբ նաև Ձեր պաշտոնավարմա՞ն շրջանում։

- Այս երկու տարիների ընթացում, ինչ ես Հայաստանում եմ գտնվում, թե՛ ինձ համար, թե՛ դեսպանատան իմ գործընկերների, ապշեցուցիչ է եղել, թե ինչքան հասանելի են Հայաստանի պետական պաշտոնյանները։ Շատ ժամանակ ենք անցկացրել նախարարների հետ, նախագահի, նախկին նախագահների հետ, քաղաքական դաշտի տարբեր օղակների ներկայացուցիչների հետ։ Ես և տիկինս փորձել ենք, որ այդ շփումները միայն պաշտոնականով չսահմանափակվի և նաև անձնական շփումներ լինեն։ Հենց դա է Հայաստանի հետ կապված դրականներից պահերից մեկը, որ ինձ դուր է գալիս, որ մենք սերտ կապեր ունենք կառավարության, Ազգային ժողովի, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, որն իսկապես մեզ համար շատ կարևոր է Հայաստանը ճանաչելու համար։