Արվում է հնարավորն ինձ իբրև ժողովրդի թշնամի ցույց տալու համար. Աուրելյա Գրիգորիու
Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն, որը Հայաստանի Ազգային ժողովում սկանդալային հայտարարություններ էր արել, հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ու պատմել իր դեմ առկա ճնշումների մասին։
«Ինձ վրա ճնշում են գործադրում։ Տարածվում է տեղեկություն, իբր իմ մոր տանը հակասանիտարական վիճակ է, և դա կապում են ինձ հետ, չնայած այնտեղ բնակվում են իմ մայրն ու քույրը։ Մայրս բանտարկյալ է եղել համակենտրոնացման ճամբարում, և նման վերաբերմունքը, անկեղծ ասած, ես չեմ հասկանում»,-ասել է նա։
Գրիգորիուն հայտարարել է, թե որևէ աջակցություն իրեն չի ցուցաբերվում։ «Բացարձակ որևէ աջակցություն չկա։ Իմ դեմ տեղեկատվական պատերազմ է ընթանում։ Արվում է հնարավորն ինձ իբրև ժողովրդի թշնամի ցույց տալու համար։ Դա այսօրվա իշխանությունների մենթալիտետն է։ Հարցն այն է, որ ես օմբուդսմեն եմ նշանակվել նախկին իշխանությունների օրոք, և նրանք, ովքեր այսօր իշխանության են, ցանկանում են ազատվել ինձնից, սական դա նրանց մոտ չստացվեց, քանի որ դրա համար պետք է խորհրդարանի երեք քառորդի ձայները»,-պատմել է խորհրդարանում ՄԻՊ-ը։
Նա նշել է, որ այժմ նման հնարավորություն է ի հայտ եկել, և այն մարդը, ով «իրեն թողել էր Հայաստանում», դարձել է հերոս, իսկ ինքը՝ ժողովրդի թշնամի։
Խոսելով երկրից տեղափոխվելու հնարավորության կամ բնակության վայրը փոխելու հավանականության մասին՝ Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ մտածում է այդ ուղղությամբ։
«Իրավիճակն անտանելի է դառնում։ Ես դեռ արձակուրդում եմ և հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,-ասել է նա։










