ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կալանավորն ինքնասպան է եղել վճռի իրականացումից առաջ
Սպանության համար մահապատժի դատապարտված կալանավորն ինքնասպան է եղել ԱՄՆ-ի Օհայո նահանգի բանտերից մեկում՝ մահապատժի իրականացումից օրեր առաջ, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
44-ամյա Բիլի Սլեյգլին կիրակի վաղ առավոտյան կախված են գտել մենախցում, որտեղ պահվում են մահվան դատապարտված կալանավորները։
Սլեյգլի փաստաբանները հայտարարել են, որ զարմացած են տեղի ունեցածի պատճառով. կալանավորի մահվան դատավճիռը չեղյալ համարելու համար իրավական հնարավորությունները դեռ ավարտված չէին։
Բիլի Սլեյգլը մահվան էր դատապարտվել 1988թ.-ին՝ 18 տարեկան հասակում։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել մի կնոջ սպանության համար, որին կողոպուտի ընթացքում ծեծելով սպանել էր երկու փոքրիկ երեխաների աչքի առաջ։
Սլեյգլի փաստաբանները փորձում էին հասնել գործի վերանայմանը՝ հիմնավորելով, որ առաջին դատական գործընթացի ընթացքում չեն ներկայացվել նրա դժվար մանկության մասին վկայություններ, որոնք փաստաբանների խոսքերով, կարող էին ազդեցություն թողնել տեղի ունեցածի վրա։










