Քաղաքապետարանի դիմաց նստացույց անողները դիմում ներկայացրեցին ՄԻՊ-ին

12:50 • 05.08.13

Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների պահանջով արդեն 11 օր անժամկետ նստացույց հայտարարած երեք երիտասարդներն այսօր հանդես եկան հայտարարությամբ: Նրանք դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:


Դիմումի տեքստում ասվում է, որ նստացույցի ընթացքում քաղաքապետարանի կողմից վարչական համալիրի դիմացի խոտածածկը գրեթե ամեն օր ջրվել է, տարածքը մշտապես խոնավ է եղել կիզիչ արևի պայմաններում, ինչի արդյունքում օրվա որոշ ժամերին անգամ անհնար է նստել մայթին:


Եղել են օրեր, երբ խաչմերուկի հենց այդ հատվածում գիշերային ժամերին լուսավորությունն անջատել են, Ոստիկանությունն էլ ապօրինաբար թույլ չի տվել վրան տեղադրել:


«Այսպիսով` մենք նստացույցը մինչ այսօր անցկացրել ենք խոնավության ու կիզիչ արևի տակ»,- ասաց նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը:


Վերջինս նշեց, որ իրենք պահանջում են թույլատրել վրանի տեղադրումը, ինչպես նաև կենսական պայմաններն արհեստականորեն չբարդացնել:


Նստացուցավորների փոխանցմամբ՝ այս ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ զանգահարել է իրենց, իսկ անձամբ չի եկել:


Տղաները հանդես եկան նաև մեկ այլ հայտարարությամբ, որով ներկայացրեցին իրենց պահանջների իրավական հիմքերը:


«Այդ երկու պաշտոնյաները ակցիաների ընթացքում խանգարել են մասնակիցներին և իրենց թույլ են տվել պաշտոնյային ոչ վայել քայլեր»,- ասաց Սուրեն Սահակյանը:
Նա հատված մեջբերելով համայնքային ղեկավարի երդումից՝ նշեց, որ խախտվել են այդ երդման որոշ կետեր, պաշտոնյաները բռնություն են կիրառել ակցիայի մասնակիցնրի նկատմամբ:


Իր հերթին նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն էլ նշեց, որ ուրբաթ օրն իրենք հանդես կգան նոր հայտարարությամբ իրենց հետագա անելիքների մասին, եթե այս շաբաթվա ընթացքում իրենց պահանջները չբավարարվեն: Նրանց խոսքով՝ իրենց պահանջներն իրավական հիմքեր ունեն և վստահ են, որ կբավարարվեն: