Այսօրվանից սկսվում են Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում թեկնածուների առաջադրումները
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների թեկնածուների առաջադրումները սկսվում են այսօր՝ օգոստոսի 5-ին:
Թեկնածուները կարող են փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը, այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում 2012թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշումից հետո կառավարության հուլիսի 10-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, ինչի արդյունքում էլ առաջացավ այս ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Վերջերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասում է, որպեսզի Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի, թե ՀՀԿ–ից ով է առաջադրվելու այս ընտրատարածքում։ Ըստ նույն աղբյուրի՝ այս պահին տալիս են միայն Վահե Հակոբյանի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը։
Սյունիքում թեկնածու առաջադրելու շուրջ քննարկումներ են ընթանում նաև «Ժառանգություն» կուսակցությունում: Օրեր առաջ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ քննարկվել է հասարակությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի դեմքերի թեկնածությունը: Նշենք, որ ըստ մամուլի «Ժառանգությունում» հիմնականում քննարկվում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:










