«Էրգենեկոն» կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել
Թուրքական Ստամբուլ քաղաքի արվարձան Սիլիվրիում սկսել են ընթերցել «Էրգենեկոնի» գործով դատավարության դատավճիռները. դատարանը կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով TGRT-ին:
«Էրգենեկոնը» Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում էր պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այդ գործով անցնում էր մոտ 400 հոգի՝ քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, բուհերի դասախոսներ, պաշտոնաթող և գործող զինվորականներ, ոստիկաններ: Այս դատը Ստամբուլում շարունակվում էր 2007 թվականից: Ընդդիմությունն այս գործն անվանում է «կախարդների հետապնդում»՝ իշխանություններին մեղադրելով կեղծիքների համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հերքում է այս մեղադրանքը:
21 հոգի արդարացվել է: Today's Zaman-ի համաձայն՝ տասնյակ մեղադրյալներ ստացել են 2-ից 117 տարի ազատազրկում: Երեք մարդ, որոնցից մեկը՝ լրագրող, դատապարտվել է ցմահ ազատազրկման։










