Փաստաբանը Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց (տեսանյութեր)

13:09 • 05.08.13

Վերաքննիչ դատարանում այսօր «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքի քննության ժամանակ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։


«Ես ուզում եմ միջնորդություն ներկայացնել, խափանման միջոցը վերացնելու համար։ Նրա խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, հետագայում կալանքի տակ պահելը պարբերաբար երկարացվել է։ Ես գտնում եմ, որ Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու անհարժեշտություն չկա»,- ասաց փաստաբանը։


Մուշեղ Շուշանյանն ավելացրեց, որ երկու տարի խափանման միջոց ընտրելով կալանքն արդեն անցել է տևականության սահմանը։ Նա հիշեցրեց, որ ելնելով անմեղության կանխավարկածից, Տիգրանին պետք է ազատ արձակեն։


«Ելնելով անմեղության կանխավարկածից, ոչ մեկին թույլ չի տալիս, երկու տարի անձին կալանքի տակ պահել»,-ասաց նա։


Իր հերթին Տիգրան Առաքելյանը ավելացրեց, որ երբ իր ընտանիքի հետ դժբախտություն էր պատահել և իրեն երեք օրով ազատ էին արձակել, ինքը, եթե դատարանի աշխատանքը խոչընդոտելու մտադրություն ունենար, այդ ժամանակ էլ հնարավորություն ուներ խուսափելու, ինչին չդիմեց։ Նա խնդրեց դա էլ հաշվի առնել։


Դատարանը ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:


Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստների բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:


Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: