ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ՄԽ համանախագահի պաշտոնում Ուորլիքի նշանակման վերաբերյալ հայտարարություն է տարածել
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ղեկավար Արամ Համբարյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակմանը` տարածելով համապատասխան հաղորդագրություն, ինչի մասին տեղեկացնում է հանձնախմբի Facebook-յան էջը։
«Մենք չենք կարող առավել օգտակար խորհուրդներ տալ համանախագահ Ուորլիքին, ով նման կարևոր պաշտոն է ստանձնում, քան այն խոսքերը, որոնք ասել է մեր նախագահը, ով Սպիտակ տուն է մտել ՝ հրապարակայնորեն վստահեցնելով հայերին նրանում, որ կաշխատի հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի վստահելի ու երկարատև լուծման՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ԱՄՆ-ի ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքներին»,- գրված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։
«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես վստահ եմ, որ հրաշալի աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում։ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար»,-ասված է Քերիի հայտարարության մեջ։
Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։
Ավելի վաղ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր պաշտոններ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։
1992թ. ի վեր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման նպատակով։ Մինսկի խմբում, ԱՄՆ-ից բացի, համանախագահում են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան։










