Իսրայելը թույլատրել է «Արաբական կուռք» մրցույթի հաղթողին լքել Գազան

18:13 • 06.08.13

Իսրայելի իշխանությունները թույլատրել են «Արաբական կուռք-2013» երաժշտական մրցույթի հաղթող Մոհամեդ Ասաֆին Գազայի հատվածից տեղափոխվել Արևմտյան ափ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Այժմ երաժիշտը, ով հաղթել է մրցույթը հայրենասիրական «Պաղեստին» երգով, կարող է բնակություն հաստատել Ռամալլայում կամ Հորդանանից արևմուտք գտնվող այլ պաղեստինյան քաղաքում:

 

Բացի այդ, տեղափոխվելով՝ Ասաֆը հնարավորություն է ստացել ավելի հեշտությամբ դուրս գալ Պաղեստինի սահմաններից: Գազայի հատվածից դուրս գալը շատ պաղեստինցիների համար բավականին դժվար է՝ իսրայելական շրջափակման պատճառով:

 

Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պայքարում են պաղեստինցիների ազատ տեղաշարժի համար Արևմտյան ափում և Գազայի հատվածում, ողջունել են իսրայելական որոշումը, սակայն այն անբավարար են համարել:


Լիբիայում ծնված և Գազայում մեծացած Ասաֆը պաղեստինցիների համար ազգային հերոս է դարձել՝ հաղթելով Բեյրութում անցկացված տաղանդների մրցույթը: