Բրեյվիկն Օսլոյի համալսարան չի ընդունվել. նա բավարար պատրաստված չի եղել
Օսլոյի (Նորվեգիա) համալսարանի ղեկավարությունը մերժել է ընդունել 77 մարդու սպանած Անդերս Բրեյվիկին, որը բուհ էր դիմել քաղաքագիտություն ուսանելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France presse-ին հղումով։
«Մենք եկել ենք եզրահանգման, որ նա բավարար պատրաստված չէ»,-գործակալությանը տեղեկացրել է համալսարանի ռեկտոր Օլե Պետեր Օտերսենը։
Նորվեգիայում գործում է օրենք, համաձայն որի ազատազրկվածները կարող են կրթություն ստանալ։ Երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդունում են դիմորդներին՝ ելնելով այն գնահատականներից, որոնք նրանք ստացել են դպրոցում հանձնած քննությունների ընթացքում։
Ի դեպ, ընդունվելու համար անհրաժեշտ միավորների շեմն ամեն տարի կարող է փոփոխվել։
Գործակալության տվյալներով՝ Բրեյվիկը չի ավարտել միջնակարգ դպրոցն ու հետագա կրթությունը ստացել է համացանցի միջոցով։ Բրեյվիկի փաստաբանը հայտարարել է, որ նա արդեն բանտում է սովորել դպրոցական ծրագիրը։










