Վճարովի կայանատեղիների հարցում բոլոր քայլերը պետք է տանեն անհնազանդության. ակտիվիստներ (տեսանյութ)
«Վճարիր 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակում ամեն երեկո անցկացված քննարկումներում արդեն ներառել են վճարովի կայանատեղիների հարցը, ինչի արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ բոլոր քայլերը պետք է տանել դեպի անհնազանդություն:
«Այդ հարցով նախաձեռնություն է ձևավորվում, այդ գործընթացը փորձում ենք արդեն սկսել, ընթացքի մեջ է ու միայն դա չէ, մենք բոլորս եկանք մի եզրակացության, որ ամեն ինչ պետք է գնա դեպի անհնազանդության, այսինքն՝ չենք վճարում ու վերջ, և ըստ դրա գործողություններ ենք անում, որպեսզի այս աբսուրդ ձևը չլինի ընդհանրապես»,- Մաշտոցի պուրակում երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենց քայլերը զուտ միայն ակցիաներ չեն լինելու.«Կարելի է շատ բաներ անել, օրինակ՝ մեքենաներով հավաքվել և փողոցներ փակել, այդ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերել շատերի հետ կամ այդ ցուցանակների վրա փակցնել մեր պաստառները, կարմիր գծերի վրա կարելի է նկարչություն անել, կամերաները փակել, անհնազանդության կոչերը վարորդներին պետք է արդեն սկսել»:
Կարեն Հարությունյանն անդրադարձավ նաև կայանելու նախկին համակարգին և ասաց, որ «հին «ստայանչիկները շարունակում են գումարներ վերցրել, շատ տեղերում այդ մարդիկ մնալու են ու էլի կրկնակի վճարի խնդիր է առաջանալու»:
Ակտիվիստներից Արթուր Խաչատրյանն առաջարկեց կայանելու նոր կարգը բոյկոտելու իր տարբերակը։ «Խնդիրը մենակ նրանում չէ, որ գումարը բարձրացվել է, սա ապօրինությունների շարքից է, ես մենակ չեմ կարծում, որ կկարողանամ պայքարել, ուստի առաջարկում եմ «Երևանն իմ քաղաքն է, փողոցներն իմ փողոցներն են, ո՛չ վճարովի կայանմանը» հաղորդագրություն փակցնել մեքենաների վրա, ինչը ես արդեն արել եմ: Ես իմ ընկերներին եմ դիմել, ցանկացողները կարող են միանալ այդ ամեն ինչին, իմ մեջ ուժ եմ տեսնում այդքան մասով ակցիան առաջ տանել»,– ասաց նա:
Քննարկման ժամանակ առաջարկ եղավ նաև նկարահանել կայանած մեքենաներին, որպեսի կարողանան ապացուցել, որ բացի կայանատեղիներից, վարորդները նաև վճարում են դրանց աշխատողներին՝ «ստայանչիկներին»:










