Ամերիկացի զբոսաշրջիկը Ֆլորենցիայում պատահաբար կոտրել է 600-ամյա անգին արձանի մատը

14:55 • 06.08.13

Ամերիկացի զբոսաշրջիկը պատահաբար կոտրել է Ֆլորենցիայում գտնվող 600-ամյա արձանի մատը, գրում է Independent-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել իտալական քաղաքի աշխարհահռչակ Մայր տաճարի թանգարանում: Անվտանգության աշխատակիցը նկատել է, թե ինչպես է տղամարդը դիպչում արձանին և չափումներ անում, բայց չի հասցրել կանգնեցնել նրան:

 

600-ամյա այս ցուցանմուշը հավանաբար պատկանում է անվանի միջնադարյան քանդակագործ Ջովանի դ’Ամբրոջիոյին:

 

Զբոսաշրջիկը ներողություն է խնդրել արվեստի անգին նմուշը վնասելու համար, սակայն նա դեռ կարող է հսկայական տուգանք վճարել իր անզգույշ քայլի համար: Ամերիկացին հասցրել է զգալ տեղացիների ողջ զայրույթը, քանի որ, նրանց կարծիքով, սա շատ բնորոշ է հին և նուրբ արվեստի նմուշների նկատմամբ ժամանակակից անուշադիր և անհարգալից վերաբերմունքին:

 

«Մեր գլոբալիզացված աշխարհում մոռացվել են թանգարաններ այցելելու ամենահիմնարար կանոնները՝ չդիպչե՛լ արվեստի գործերին», - ասել է թանգարանի տնօրենը: