Մեծ Բրիտանիան Եմենից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին

16:21 • 06.08.13

Մեծ Բրիտանիան տարհանում է Եմենում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին՝ ահաբեկչության վտանգի պատճառով, հայտնում է РИА Новости գործակալությունը։
 

«Բրիտանական դեսպանատան բոլոր աշխատակիցները ժամանակավորապես տեղափոխվել են, և դեսպանատունը փակ կմնա, քանի դեռ նրանք չեն վերադարձել»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Երկրի ԱԳՆ-ն Եմենում գտնվող բոլոր բրիտանացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։

 

«Իրավիճակը Եմենում անկայուն է՝ շարունակվող անկարգությունների և բախումների պատճառով։ Եմենում մեծ է ահաբեկչության վտանգը»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ նման կոչ էր արել ԱՄՆ-ն. նա կոչ էր արել բոլոր քաղաքացիներին լքել երկիրը և մասամբ տարհանել էր դիվանագիտական առաքելության աշխատակիցներին. դա բացատրվել էր ահաբեկչության սպառնալիքով։

 

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ հայտարարել էին իրենց ներկայացուցչությունները Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում փակելու մասին։

 

Այսօր առավոտյան տարբեր լրատվամիջոցներ՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հաղորդել էին «Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրի գաղտնալսված հաղորդագրության մասին՝ օգոստոսի 4-ին ահաբեկչություն իրականացնելու վերաբերյալ։