Նարեկ Սարգսյանը տեղափոխվել է ճարտարապետության պետական կոմիտե, իսկ Երևանը նոր գլխավոր ճարտարապետ կունենա
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր այս պաշտոնը և կղեկավարի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Նախ նա տեղափոխվել է այդ կոմիտե և, հավանաբար, նոր գլխավոր ճարտարապետ լինի։ Ինչքանով ես տեղյակ եմ, արդեն հարցը քննարկվել է և համաձայնություն է ստացել։ Նոր գլխավոր ճարտարապետը կզբաղվի քաղաքին վերաբերող խնդիրներով, իսկ ճարտարապետական պետական կոմիտեն, որը կար, ի դեպ, խորհրդային տարիներին՝ կզբաղվի ճարտարապետական խնդիրներով»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։
Թե ով է լինելու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, Մկրտիչ Մինասյանը հստակ ասել չի կարող, դեռևս վերջնական որոշում չկա։ «Կարծեմ քննարկվել է, բայց ես որոշակի դեռ չեմ իմանում»,- ասաց նա։
Հարցին, թե գուցե միության նախագահն էլ լինի հավանական թեկնածուների շարքում, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Իմ անունը չի կարող լինել, որովհետև այդտեղ երիտասարդ մարդ է պետք էլի։ Ես չեմ ասում ես շատ մեծ եմ, անուժ կամ անօգնական, բայց երիտասարդ մարդ է պետք»։
Դիտարկմանը, թե միությունից, գուցե, լինեն, երիտասարդները քիչ չեն, Մկրտիչ Մինասյանը խոստովանեց, որ միության անդամ կլինի, հետո ուղղեց, որ ինքը նկատի չունի նաև միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանին։ Նա նաև ավելացրեց, որ իր տեղեկությամբ համալսարանից է լինելու։
«Ես որոշակի չեմ իմանում, երբ հրամանագրված լինի, այն ժամանակ կասեմ, ամեն օր մի բան հանկարծակի լինում է»,- ասաց նա։
Անդրադառնալով նման կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունից Մկրտիչ Մինասյանը նշեց, որ դրա կարիքը, այդուամենայնիվ, կա։ «Նախագահի հրամանագրով այդպես էր գրված, որ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտե պետք է ստեղծվի՝ ճարտարապետական գործունեությունը միավորելու և համակարգելու համար։ Ես կարծում եմ՝ կա դրա անհրաժեշտությունը»,- ասաց նա։
Ճարտարապետի խոսով՝ կոմիտեն ճարտարապետական գործընթացների հետ, հավանաբար, կունենա կանոնադրություն, գործառույթներ։
Հարցին, թե կոմիտե՞ն պետք է վերահսկի Երևանի գլխավոր ճարտարապետին, Մկրտիչ Մինասյանն ուղեց, որ ոչ թե վերահսկի, այլ համակարգի։
«Վերահսկելու իմաստով չէի ասի, այլ ճարտարապետական գործընթացները, որ կա ամբողջ հանրապետությունում և կա նաև մարզերում, չէ՞ որ մենք միայն Երևանով չենք սահմանափակվում։ Մարզերում նույնպես գործում են ճարտարապետական վարչություններ, որոնց գործողությունները պետք է համաձայնեցվի»,- նշեց նա։
Ճարտարապետների միության նախագահը կոմիտեի աշխատանքներին ներգրավվել չի կարող, քանի որ այստեղ էլ նրա տարիքը չի համապատասխանում։
«Ես նախ տարիքով չեմ համապատասխանում ընդգրկվելու կամ չընդգրկվելու համար, բայց, իհարկե, կոմիտեում ներգրավվող մասնագետները կլինեն ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, որը քաղաքացիական ծառայություն է, և ըստ ընդունված կարգի՝ կներգրավվեն համապատասխան մրցույթ անցկացվելուց հետո»,-եզրափակեց նա։










