Վճարովի կայանատեղիներն սպասարկող ընկերության քայլերն օրինական են. «Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրեն

12:27 • 06.08.13

«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսելով Երևանում վճարովի ավտոկայանատեղերի նոր համակարգի ներդրման, գումարների գանձման հետ կապված խնդիրների շուրջ, հայտարարեց, որ այդ հարցում ապօրինություններ չկան, իրենց բոլոր քայլերն օրենքի սահմաններում են:


Կայանելու համար չվճարելու ժամանակ սահմանված տուգանքերի մասին ընկերության տնօրենն ասաց, որ իրենց իրավասության մեջ չէ տուգանելու գործընթացը: «Մենք բավարար ապացույցները ներկայացնում ենք քաղաքապետարանին, իսկ ի՞նչ օրենքով է տուգանվելու քաղաքապետարանը վարորդներին, դիմեք իրենց»,- ասաց նա:


Վերջինիս փոխանցմամբ՝ համակարգը ներառում է Երևանի բոլոր վարչական շրջանները, աշխատանքները սկսվել են, կահավորումը՝ կարմիր գծանշումը, իրականացվել է Կենտրոն համայնքից, որտեղ աշխատանքներն ավարտելուց հետո անցնելու են հաջորդ վարչական շրջաններին, իսկ ամբողջ քաղաքը կկահավորվի 2014թ.-ի սկզբին:


Գծանշումը կատարվելու է հանրային սեփականություն հանդիսացող հատվածներում, փողոցների ցանցը որոշված է, բակային տարածքներում գծանշում չի իրականացվելու: Նախատեսված է ստեղծել 20 000 կայանատեղի, կտեղադրվեն 5000 տեսախցիկներ, մնացած կայանատեղիները կվերահսկվեն շրջիկ մեքենաներով:


Նշենք, որ տուգանքները կգանձվեն այս տարվա սեպտեմբերից, իսկ մինչ այդ վարորդների կողմից արդեն վճարած գումարների մասին բանախոսն ասաց, որ ետ պահանջելու համար պետք է դիմել քաղաքապետարան: Կենտրոնական բանկը բոլոր բանկերին ծանուցել է վճարման կարգը և սեպտեմբերից կգանձվեն վճարումները:


Ըստ Վազգեն Հարությունյանի՝ յուրաքանչյուր վարորդ ինքը կընտրի վճարման տարբերակը: Իսկ տաքսու վարորդներին արտոնություններ տրամադրելու մասով ասաց, որ տուրքը սահմանվում է բոլորի համար:
Ինչ վերաբերում է ընկերության գործառույթներին, նա հայտարարեց, որ եթե կայանատեղիում գտնվող մեքենան վնասվում է, ընկերությունը պատասխանատվություն չի կրում:


«Մեր գործառույթը փողոցները կահավորելը, հսկողությունն իրականացնելն է, ներդրումներ ենք կատարում մենք, իսկ գումարները տեղական տուրք են, բոլորը գանձվում են քաղաքապետարանի կողմից, տեղական տուրքի հավաքագրումն իրականացվում է միայն անկանխիկ եղանակով, հավաքագրված գումարի 70%-ը ՓԲԸ-ին է տրվելու, որից 16,60% կազմակերպությունը ավելացված արժեքի հարկ է վճարելու և այլ հարկեր»,- ներկայացրեց նա։


Ընկերության տնօրենը նաև նշեց, թե իրենց կազմակերպության առավելությունը այն է, որ այդ առումով ավելի քաղաքակիրթ վիճակ կլինի, կարմիր գծերը մշտապես կթարմացվեն, և ոչ մի գումար չի կորի։


Վազգեն Հարությունյանն անդրադարձավ նաև հնարավոր քաղաքացիական անհնազանդության մասին խոսակցություններին և ասաց, թե ապատեղեկատվություն են խոսակցությունները, թե բողոքի ալիք է բարձրանում։


Հարցին, թե ինչը կստիպի ընկերությանը ետ կանգնել նոր համակարգի ներդրումից, տնօրենը պատասխանեց. «Որոշումից ետ կանգնելու կարիք չկա, այդ անհնազանդության ետևում կանգնած են որոշ շահագրգիռ անձիք, բավականին շահագրգիռ կողմեր կան, որոնք զրկվում են անօրինական շահույթից»:


Վազգեն Հարությունյանը նաև հայտարարեց, որ 2013թ.-ի հունվարի 1-ից այս համակարգում չգործող բոլոր կայանատեղիների աշխատողների գործունեությունը անօրինական է համարվելու: