Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

14:57 • 06.08.13

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, տեղեկացնում է ոստիկանության կայքը:


Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:


Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև կադրերի վերապատրաստման և ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տևող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել:


Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, և հավաստիացրել, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու և ընդլայնվելու է:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: