Իրանի նոր նախագահը էլ ավելի կզարգացնի հայ-իրանական համագործակցությունը. իրանագետ
Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին կշարունակի հայ-իրանական համագործակցությունն էլ ավելի զարգացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը, ով ուշադրություն հրավիրեց հենց երդմնակալության ժամանակ նրա անդրադարձը Հայաստանին։
«Ինչպես հայտնի է, որ ՀՀ նախագահը մեկնել էր հարևան Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով, և այդ ձևաչափում երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ խորը քննարկումներ ... ակնկալել չէր կարելի»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է այն, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին շեշտել է այն հանագմանքը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում մշտապես պաշտպանել է Իրանի դիրքորոշումը կամ դրան մոտ դիրքորոշում արտահայտել։
Այս հարցում, ըստ իրանագետի, Հայաստանի դերը հուսադրող է, և ըստ այդմ էլ Հայաստանն Իրանից կարող է նույն վերաբերմունքը ակնկալել Արցախի հարցում։
«Իրանը խիստ շահագրգռված է Արցախի հիմնախնդրի շուտափույթ և արդարացի լուծման ուղղությամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իրանն ավելի խորությամբ է գիտակցում Ադրբեջանի քրեաօլիգարխիկ իշխանությունների ծավալապաշտական նկրտումները, որ եթե որևէ կերպ տուրք տան այդ նկրտումներին, Արցախից հետո արդեն հաջորդը կարող է լինել Իրանի թուրքախոս բնակչության տարածքների խնդիրը»,- ասաց նա և ավելացրեց, որ դա Իրանի տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է։
Միաժամանակ, ըստ Ռուդիկ Յարալյանի, Իրանը շահագրգռված է Արցախի հիմնախնդրի լուծման այն տրամաբանությամբ, որ կարողանա լուրջ երաշխիքներ ստանալ առ այն, որ իր Հարավային Կովկասում իր ծրագրերին որևէ վտանգ չի սպառնա։
Իրանագետը հիշեցրեց, որ Հասան Ռոհանիի երդմնակալությունից օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատընավթի արտահանման ոլորտում Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել։ «Ինչպես տեսնում ենք ԱՄՆ-ն շարունակում է ճնշումների քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ»,- ասաց նա։










