«Ալ-Կաիդայի» առաջնորդն ԱՄՆ-ի դեմ խոշոր ահաբեկչություն էր պլանավորել օգոստոսի 4-ին

09:07 • 06.08.13

ԱՄՆ-ի կողմից անվտանգության նկատառումներով Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում 19 դիվանագիտական ներկայացուցչություն փակելու պատճառը դարձել է «Ալ-Կաիդայի» ցանցի ղեկավարի և եգիպտացի Այման ազ-Զավահիրիի գաղտնալսված խոսակցությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

The New York Times-ը գրում է, որ հատուկ ծառայություններին հաջողվել է ծանոթանալ ազ-Զավահիրիի և «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման ղեկավար Նասեր ալ-Վայշիի միջև անցյալ շաբաթ հեռախոսով կամ համացանցով իրականացված երկխոսությանը։

 

Համաձայն առկա տեղեկությունների՝ դա եղել է «ամենալուրջ դավադրություններից մեկն» ընդդեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի շահերի 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր։
 

Ազ-Զավահիրին և ալ-Վայշին իբր քննարկել են ահաբեկչության կոնկրետ ժամկետը. դա պետք է տեղի ունենար կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին։ Ահաբեկչական հարձակման կոնկրետ նպատակն ու վայրը չի նշվել։