Երևանում հասարակական տրանսպորտից պետբյուջե գանձվող հարկերի գումարի չափն անհայտ է

16:53 • 06.08.13

Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտից գանձված հարկերից գումար չի ուղղվում քաղաքային բյուջե: Ի պատասխան Tert.am-ի հարցման՝ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Պարզելու համար, թե Երևանի տրանսպորտից հարկված գումարներից որքա՞ն գումար է մուտք գործում պետական բյուջե, դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե: Այստեղից պատասխանեցին, որ իրենց մոտ վիճակագրական նման տվյալների առանձնացում չի արվում, քանի որ տրանսպորտային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները կարող են գրանցված լինել մի տեղում, բայց շահագործվեն՝ մեկ այլ:


ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին միայն հետևյալ տվյալները. ՀՀ-ում մինչև 17 նստատեղ ունեցող միկրոավտոբուսներ և 18-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ շահագործող ընկերությունների կողմից 2012թ. պետական բյուջե է վճարվել 4 մլրդ 853 մլն դրամ, իսկ 2013թ. առաջին կիսամյակում` 2 մլրդ 121 մլն դրամ հարկեր: