Հարկավոր է համարժեք պատասխան տալ «անցանկալի անձ» հայտարարելու Ադրբեջանի որոշմանը. ուկրաինացի լրագրող
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է սովորական դիվանագիտական քայլի դիմել. համարժեք պատասխան տալ և «անցանկալի անձ» հայտարարել մի քանի ադրբեջանցի լրագրողի»,-հայտարարել է հայտնի ուկրաինացի քաղաքական մեկնաբան Անատոլի Շարիյը՝ մեկնաբանելով 8 ուկրաինացի լրագրողի «անցանկալի անձ» հայտարարելու Ադրբեջանի որոշումը, հայտնում է aspekty.net-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանի այդ քայլը վկայում է այն մասին, որ «այդ հանրապետության ղեկավարությունը հեռու չի գնացել այն մեթոդներից, որոնք կիրառում էին Միջնադարի իշխանիկները»։
Անատոլի Շարիյը նշել է, որ լրագրողները պետք է մեկնեն այնտեղ, որտեղ ուզում են, և առնվազն պետք է իմանան հակամարտող երկու կողմերի դիրքորոշումները։ «Հնարավոր է՝ ադրբեջանցի լրագրողներն այլ կերպ են աշխատում, չգիտեմ։ Կարծում եմ, որ պետք է հետևել սովորական դիվանագիտական քայլի՝ պատասխանել և ոչ ցանկալի անձ հայտարարել մի շարք ադրբեջանցի լրագրողների»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջում Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել էր այն անձանց ցուցակ, որոնք «անցանկալի անձ» են համարվում Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Փաստաթղթում ընդհանուր առմամբ 335 ազգանուն կա. այդ թվում՝ ուկրաինացի լրագրողներ Աննա Մամոնովան, Վարվարա Ժլուտենկոն, Նադեժդա Բազևան, Վլադիմիր Կրավչենկոն, Իրինա Կովալչուկը, Օլեգ Կուլիկը, Ալեքսանդր Վոլոշչուկը։
Ցուցակում հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ պատգամավորներ Ալեքսեյ Միտրոֆանովը, Օլեգ Պոխոլկովը. Մաքսիմ Միշենկոն, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
Կան նաև Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլանը, Ժորժ Կոլոմբյեն, Վալերի Բուայեն, ինչպես նաև Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, իտալացի երգիչ Ալ Բանոն, Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը և այլ հայտնի անձինք։










