Թբիլիսիի քաղաքապետն ասել է, թե 5 տարի առաջ ով է պատերազմ սկսել

17:43 • 07.08.13

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հայտնել է, որ 2008-ի օգոստոսի 7-ին սկսվել է պատերազմի մի դրվագ, որը սկսվել էր դրանից շատ առաջ, հայտնում է Грузия Online-ը:

 

Վրաց պաշտոնյան այս մասին ասել է վրաց-օսական/ռուսական պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Մուխաթգվերդիի գերեզմանատուն կատարած այցի ժամանակ:

 

«5 տարի է անցել օգոստոսյան պատերազմի սկզբից: Այսօր հաճախ են վիճում, թե ով է սկսել ռազմական գործողությունները: Ցավոք, հենց այդ հարցն է երկրի ներսում քաղաքական առճակատման պատճառ դարձել:Իմ կարծիքով՝ «Ո՞վ է սկսել պատերազմը» հարցը ճիշտ չէ, քանի որ 2008-ի օգոստոսի 7-ին սկսվել է պատերազմի մի դրվագ, որը սկսված է եղել դրանից շատ առաջ: Պատերազմը սկսել է Ռուսաստանը, երբ իրականացրել է Վրաստանի օկուպացիան, երբ ուժային միջոցներով խլել է Աբխազիան և Սամաչաբլոն, և չեմ կարծում, թե ողջամիտ մի մարդ լինի, որը վիճի այս հարցով», - մասնավորապես ասել է Ուգուլավան: