Ադրբեջանի «սև ցուցակը» նպատակ ունի ահաբեկել օտարներին և արցախահայությանը. կարծիքներ
Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված անցանկալի անձանց ցուցակը, որտեղ տեղ են գտել Արցախ այցելած այլազգի մի շարք հայտնի գործիչների անուններ, նպատակ ունի ահաբեկելու ինչպես Արցախ այցելելու նպատակ ունեցող օտարներին, այնպես էլ արցախահայությանը, Tert.am-ի հետ զրույցում հարցի շուրջ իր կարծիքը հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այսպիսի պահվածքը նպաստում է նրան, որ Արցախը դիտարկվի որպես Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածք:
Հարցին, թե «սև ցուցակի» հրապարակումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, նա բացատրեց. «Սա Արցախը, տարածքային պատկանելության առումով, Ադրբեջանին կապելու քաղաքական պնդումների կիրառական շարունակությունն է, որը պատշաճ քաղաքական հակազդեցություն չստանալու պարագայում, կարող է նաև բանակցություններում խնդիրն ադրբեջանահաճո տարբերակով արծարծելու հնարավորություն ապահովել»:
Արման Մելիքյանը նաև ընդգծեց, որ այդ «սև ցուցակը» իրականում Ղարաբաղի մարդասիրական շրջափակման բաղադրատարրերից մեկն է:
Անդրադառնալով նման դեպքերում ՀՀ արտաքին գործերի նախարարության անելիքներին, քաղաքագետն ընդգծեց, որ անհրաժեշտ է նոր տարրեր ներմուծել սեփական քաղաքական ուղեգծի մեջ, որոնցից առավել կարևորը պետք է լինի ադրբեջանահայ փախստականների շահերի և իրավունքների գործուն ապահովման հիմնախնդիրը բանակցային օրակարգ մտցնելու պահանջը:
«Սև ցուցակի» հրապարակման շուրջ Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ սրանով Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում։ Առաջին՝ մի կողմից հասարակությանը ցույց են տալիս, թե իրենք հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում և փորձում են ամեն կերպ խանգարել Արցախի բնականոն զարգացմանը։
«Մյուս կողմից էլ սա հոգեբանական ճնշման մեթոդ է այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատրաստվում են մեկնել Արցախ։ Սա ինչ-որ չափով պատժամիջոցների կիրառում է Արցախի դեմ, և կլինեն շատ գործարարներ, որոնք հետագայում զերծ կմնան Արցախում որևէ գործունեություն ծավալելուց՝ վախենալով Ադրբեջանի հետ վատ հարաբերություններ ունենալուց»,- ասաց նա:
Միաժամանակ քաղաքագետը նկատեց, որ հակառակ Ադրբեջանի ջանքերին «սև ցուցակի» ազդեցության մակարդակը բավական թույլ է և մարդիկ, ովքեր գալիս են Արցախ, միշտ էլ տեղյակ են լինում այս հակամարտության մասին:
«Ցուցակի հրապարակումը չեմ կարծում, որ կարող է լրջորեն խոչընդոտել Արցախի հետագա զարգացանը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս ցուցակի հրապարակումը չի կարող ազդել ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացին, քանի որ, ըստ նրա, գործընթացն այս պահին փակուղային իրավիճակում է:
«Ըստ էության նման գործընթաց չկա էլ, և հետևաբար, այն չի կարող անդրադառնալ բանակցային՝ առանց այն էլ վատ ընթացքի վրա: Սրանից վատ պարզապես չի լինում»,-ասաց Հրանտ Մելիք–Շահնազարյանը:










