Վարորդները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը՝ տրանսպորտի ոլորտում ստեղծված կոլապսի համար

13:32 • 07.08.13

Մի խումբ վարորդներ և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այսօր ասուլիս էին հրավիրել և պահանջում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը։ Ըստ նրանց՝ տրանսպորտի ոլորտում ստեղծված կոլապսի հիմնական պատասխանատուն նախարարությունն է և ոչ թե Երևանի քաղաքապետը։


«Իհարկե իրենց մեղքի բաժինն ունի նաև քաղաքապետարանը և Նավասարդյան Հենրիկը, բայց հիմնական պատասխանատուն Բեգլարյանն է»,- ասաց «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը։


«Հասարակական տրանսպորտն աշխատում է 2001թ. հայեցակարգով, որը մասնավորին տրամադրեց գծերը՝ փոխադրումներն իրականացնելու համար, իսկ համայնքները կիրառում են կառավարության որոշումը։ Ոլորտում նախարարությունը բացառապես ոչ մի բան չի իրականացնում, հայեցակարգը, որոշումը գալիս է նախարարությունից, Տարոն Մարգարյանն ընդհանրապես օրենք չի կարող մշակել»,- ասաց նա։


Ըստ ՀԿ նախագահի՝ ակնհայտ էր, որ թանկացումներ բերելու էին գնի բարձրացմանը և պետք է դեռ երկու տարի առաջ միջոցներ ձեռք առնեին, որ չեն արել։


«Բեգլարյան Գագիկը փորձեց ներկայացնել, որ թանկացնողը ո՛չ քաղաքապետարանն է, ո՛չ էլ նախարարությունը, այլ մրցույթի հիման վրա ընտրված ընկերությունը։ Արմավիրում արդեն Երևան-Էջմիածին երթուղին 300 դրամից դարձել է 400 դրամ։ Հիմա էլ կտեսնենք, որ որոշ սոցխմբերի համար փոխհատուցում կնշանակեն, հետո մրցույթ, որ ասեն, թե տեսե՛ք, լուծում չկա, էլի 50% կթանկացնեն»,- ասաց նա և փորձեց բացատրել, թե ինչ կարող էր անել նախարարը, որ չի արել։


«Այս ամեն ինչն ակնհայտ տեսանելի էր երկու տարի առաջ, քայլեր ձեռնարկեին՝ նայեին միջազգային փորձի հիման վրա։ Գերմանիայում ինքնարժեքից ցածր է աշխատում տրանսպորտը։ Այստեղ բիզնեսն անելիք չունի, պետք է պետությունը վերցնի բաժնետիրական ընկերությունները։ 250 ավտոբուսը հենց ընենց չեն տվել: Որակի պայմաններում 100 դրամ կարելի էր պահել, իսկ եթե որակը բարձրացվեր, սուբսիդիայի խնդիր առաջ կգար։ Նա պետք է պետականով ազդեր ազատ շուկայական հարաբերությունների վրա»,- ասաց նա։


«Ավտովարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ավելացրեց, որ ստեղծված քաոսային իրավիճակի համար պատասխանատուն նախարարությունն է, որ առաջ քաշեց դեղին, սպիտակ համարանիշ, հիմա էլ տեսախցիկներ և կարմիր գծերն են ի հայտ եկել։


«2001-ին մտցվեց գծի տեր հասկացությունը, որը բերեց կոլապսի, հետո արդեն հայեցակարգում ոչ մի աշխատանք չտարվեց։ Հանդիպեցի Բեգլարյանի հետ, որ տաքսու վարորդների մոտ գործընթաց է սկսել օրինականացման, որ լիցենզավոման կարգում թերություները շտկեն, բայց այդ նույն ազգային կենտրոնը, որ բավական գումարներ էր ստացել այդ բարեփոխումների համար, ոլորտը խառնեց իրար»,- ասաց նա։

Անհատ ձեռներեց Սարգիս Մաչկալյանին և մյուս վարոդներին էլ հատկապես բարկացրել էր վճարովի կայանատեղիների նոր կարգը։ «Կանգնում եմ գծի վրա, ուղևորն ասում ա՝ սպասի մտնեմ խանութ, բայց ես 5 րոպեից ավել չեմ սպասի, կքշեմ կգնամ»,- ասաց նա: Տարեկան սահմանված վճարի տարբերակը ևս վարորդը ընդունելի չհամարեց։ «Ինչի՞ համար պետք է տանք, հա՛, տարեկան ձեռնտու է, բայց ապահովագրված չենք, որ վաղն ուրիշ բան չեն կառաջարկի»,- ասաց նա։


Մեկ այլ վարորդ՝ Վահե Անտոնյանն էլ հավելեց, որ քաղաքով մեկ կարմիր գծանշաններ են։ «Ստացվում է, որ աշխատում ենք մենակ տուգանքները մուծելու համար»,- ասաց նա։


Տաքսու վարորդները հայտարարեցին, որ պահանջում են հանձնաժողով ստեղծվի և սկսեն աշխատել, հակառակ դեպքում իրենք արդեն քաղաքապետարանին օգոստոսի 16-ին բողոքի ակցիա անելու համար իրազեկում են ներկայացրել՝ Էրեբունու հարակից տարածքից ավտոերթ անցկացնել մինչև քաղաքապետարան։