Եգիպտոսի իշխանությունները ՄքՔեյնի հայտարարությունները որպես միջամտություն են որակել
Ամերիկացի հանրապետական սենատորներ Ջոն ՄքՔեյնը և Լինդսի Գրեմը, ովքեր հայտնի են իրենց ծայրահեղական ելույթներով, իրենց թույլ են տվել միջամտել Եգիպտոսի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի մամուլի հարցերով խորհրդական Ահմեդ ալ-Մուսլիմանին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ՄքՔեյնի հայտարարությունները Կահիրեում ընդունվել են այն ենթատեքստով, որ Վաշինգտոնը քննարկում է հունիսի 30-ին հաջորդած իրադարձությունները որպես ռազմական հեղաշրջում։
«ՄքՔեյնի հայտարարությունները մտածված չեն, դրանք լիովին մերժվում են Եգիպտոսի կողմից, քանի որ խեղաթյուրում են իրական փաստերն ու իրադարձությունները»,-ասել է խորհրդականը։
Ինչպես նշել է ալ-Մուսլիմանին, եգիպտական կողմն ուսումնասիրում է այդ հայտարարությունները և «իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ դրանց»։
Նա հավելել է, թե միլիոնավոր մարդիկ, որոնք փողոցներ էին դուրս եկել, ՄքՔեյնի նման մարդկանց հայտարարությունների կարիքը չունեն, որպեսզի ապացուցեն, որ դա իրական հեղափոխություն էր։
Հիշեցնենք, որ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում ՄքՔեյնը կոչ էր արել ազատ արձակել «Մուսուլման եղբայրների» առաջնորդներին, հարգել մարդու իրավունքները և պաշտպանել խաղաղ ցույցերի իրավունքը։










