Մոսկվայում գտնվել են կորած հայ պապիկն ու նրա թոռը

12:43 • 07.08.13

Մոսկվայում այսօր առավոտյան գտնվել են կորած հայ պապիկն ու նրա մեկուկես տարեկան թոռը, գրում է Life News-ը:

 

Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում երեկ ժամը 16.00-ի սահմաններում 70-ամյա Հրաչիկ Միխայլովիչն իր թոռանը՝ Ալբերտ Սարգսյանին, տարել էր զբոսանքի և չէր վերադարձել: Վախեցած հարազատները դիմել էին ոստիկանություն, որից հետո իրավապահներն ու կամավորները սկսել էին որոնումները:

 

«Պապն իր թոռանը զբոսնելու էր տարել «Տյոպլիյ Ստան» կոչվող մետրոկայարանի շրջակայքում գտնվող իր տան բակում: Նա դրանից առաջ էլ էր հաճախ ժամանակ անցկացնում թոռնիկի հետ: Հրաչիկ Միխայլովիչը սկլերոզով է տառապում, այդ պատճառով կարող է չհիշել, թե որտեղ է գտնվում և որտեղից է գալիս»,- Life News-ին փոխանցել են «Լիզա Ալերտ» շարժման կամավորները:

 

 Գիշերվա ընթացքում կամավորները շրջել են ողջ տարածքով: Պապիկին և թոռնիկին գտել են առավոտյան ժամը 7-ին: