Ապօրինի ներգաղթյալների մոսկովյան ճամբարում մահապատժի դատապարտված սիրիացիներ կան

16:53 • 07.08.13

Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների ճամբարում բնակվում են Սիրիայի մի քանի քաղաքացիներ, որոնց հայրենիքում մահապատիժ է սպառնում։


Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է միգրացիոն քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Եվգենի Բոբրովը։


«Այնտեղ կան սիրիացիներ, որոնց արտաքսում է սպառնում հայրենիք, որտեղ նրանց մահապատիժ է սպասում»,-ասել է նա։

 

Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ համաձայն ռուսական օրենսդրության՝ Ռուսաստանը չի կարող երկրից վտարել մահապատժի դատապարտված մարդուն։


«Ռուսաստանն իրավունք չունի վտարել մահվան դատապարտված մարդուն։ Եվրոպայի խորհրդին անդամությունը դա թույլ չի տալիս»,-հաղորդել է նա։

 

Gazeta.ru-ի թղթակիցը, որը գտնվում է ճամբարում, տեղեկացրել է, որ Բոբրովը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այդ սիրիացիները հայրենիք վերադառնալուց հետո կարող են մահանալ, քանի որ այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Նրա տեղեկություններով՝ տեղեկություն չկա այն մասին, որ ճամբարում մահվան դատապարտվածներ կան։
 

Բոբրովը նշել է, որ ճամբարի բնակչության 90%-ը Վիետնամի քաղաքացիներ են։