Օբաման օրինական և օգտակար է համարել հեռախոսազանգերի ու ինտերնետի վերահսկումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վշտացել է հեռախոսազանգերի և ինտերնետում տեղեկատվության փոխանակումը վերահսկելու ծրագրի բացահայտումից, սակայն նման գործունեությունն օգտակար է համարում երկրի համար, և կարծում է, որ դա օրինական է, հայտնում է Взгляд-ը։
«Մենք չունենք երկրի ներսում լրտեսման ծրագիր։ Այն, ինչ ունենք, դրանք այնպիսի մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս հետևել այն հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, որը կարող է կապված լինել ահաբեկչական հարձակման հետ»,-ասել է Օբաման։
Նա հեռախոսային և համացանցային ակտիվությունը վերահսկելու անհրաժեշտության համար որպես օրինակ է բերել բոստոնյան մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ հենց այդ ծրագրի իրագործումն է օգնել հետաքննչական մարմիններին պարզել, թե արդյոք ահաբեկչության համար մեղադրվող Ցարնաև եղբայրները կապ ունեցե՞լ են ահաբեկչական խմբավորումների հետ։
Օբաման պատմել է, որ 2009թ.-ին, երբ ընտրվել է նախագահի պաշտոնում, կասկածել է էլեկտրոնային հետապնդման ծրագրի արդյունավետությանը, սակայն հետագայում համոզվել է, որ նման ծրագիրն անհրաժեշտ է ահաբեկչության սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարելու համար։










