Ոչ, Ռուսաստանը չի պատրաստվում «կորցնել» Հայաստանը. The American conservative-ի անդրադարձը
The American conservative հրատարակությունում Ուոլթեր Ռասել Միդը հարց է բարձրացնում՝ կփոխի՞ արդյոք Հայաստանն իր փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Աճող լարվածությունը կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ ունի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Իրանի համար։
Թեհրանը վերջին ժամանակներում փորձում է լավացնել բարեկամական հարաբերությունները Երևանի հետ՝ առաջարկելով զարգացնել կապերը տնտեսության և անվտանգության ոլորտներում։
Սակայն, եթե Հայաստանը Ռուսաստանի փոխարեն որոշի թեքվել Եվրոպական Միության և Արևմուտքի կողմը, ապա Թեհրանը կհայտնվի ավելի մեկուսացման մեջ, քան այժմ է։
Դա տեղի չի ունենա, սակայն իմաստ ունի մտածել, թե ինչո՞ւ։ Նախ, Հայաստանի կառավարությունը ցանկություն չունի վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը Հայաստանի։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վերջ դնել Մոսկվայի հետ ռազմական կապերին, որոնք սկսվել են սառը պատերազմի ավարտից հետո, ապա ինչպե՞ս է նա «գնալու» դեպի Արևմուտք։
Բազմաթիվ պատճառներից մեկը, որով Հայաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում մնում է ռուսական ուղեծրում, այն է, որ Միացյալ Նահանգները հիմնականում անտեսում է այս երկրին՝ ղարաբաղյան պատերազմից հետո աջակցելով նրա հարևաններին՝ Թուրքիային և Ադրբեջանին։
Ռուսաստանն ու Իրանը տասնամյակներ շարունակ պահպանում են բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ և թույլ չեն տալիս տնտեսական մեկուսացման մեջ հայտնվել։ Այնպիսի իրավիճակում, ինչպիսին Հայաստանն է, ինչպիսի՞ խթաններ կունենա այս երկիրը հարաբերությունները թուլացնելու ու այն պետություններին մերձենալու համար, որոնք ավելի մեծ ուշադրություն են հատկացնում Թուրքիային և Ադրբեջանին։
Անգամ, եթե Հայաստանը մտնի ԵՄ, ինչն ամեն դեպքում երկար գործընթաց է, նա ՆԱՏՕ-ի անդամ հաստատ չի դառնա։ Հայաստանը չի կարող մտնել Հյուսիսատլանտյան դաշինք՝ առանց Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը կարգավորելու։
Սակայն ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս նման ձգտման նշաններ չկան։ Ջոշուա Կուչերան անցյալ տարի ամփոփել էր իրավիճակը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին զեկույցում. «Կա ըմբռնում, որ Հայաստանի և Ռուսաստանի կապերն այնքան ամուր են, որ առանձին համագործակցության ծրագրերն ԱՄՆ/ՆԱՏՕ-ի հետ դրանց վրա չեն ազդում»։
Չնայած հայ հասարակությունն այս պահին կարող է զայրույթ զգալ, սակայն հայերի մեծամասնությունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները և կողմ է Մաքսային միություն մտնելուն, իսկ 2011թ.-ի դրությամբ՝ հայերը հավանությամբ էին խոսում ռուսական ղեկավարության գործունեության մասին։
Սա այն երկիրը չէ, որը Ռուսաստանը կարող է «կորցնել» մոտ ապագայում»։










