Ինքնասպանություն գործած զինծառայողի գործով կալանավորվածը մայոր է

16:43 • 07.08.13

Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Զավենի Ավետիսյանը: Այս մասին հաղորդում է Փաստինֆո-ն:
 

ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 358.1. հոդվածի 2 մասով, (զինվորական ծառայության պարտականությունների կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), 358.1.հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որոնք կատարվել են 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 375-րդ հոդվածի 1-ին մասով ( պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Մայորին առաջադրված հոդվածներից մեկից պարզ է դառնում, որ նրա գործողություններից կան նաև այլ տուժողներ, սակայն դեռևս այլ անուններ պաշտոնապես չեն տրվում: