Ահազանգ՝ ոստիկանությունն «առևանգել» է 4 ակտիվիստների. նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ակտիվիստ և լրագրող Թեհմինե Ենոքյանը ահազանգում է` ոստիկանությունն «առևանգել է» 4 ակտիվիստների՝ Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին և Սևակ Մամյանին՝ առանց իրավական հիմնավորում ներկայացնելու։
«Ժամը 13:00-ի դրությամբ պետք է տեղի ունենար ակցիա՝ ընդդեմ վճարովի ավտոկանգառների, որի նպատակ էր ցույց տալ, որ մասնավոր ընկերությունը, եթե կարող է սեփականաշնորհել փողոցները, ապա ինչու՞ չեն կարող նույնը անել քաղաքացիները: Կանգառները փակելուց 15 րոպե անց ոստիկանությունը նոր միայն արձագանքել է գործողության մասնակիցներին»,- այս մասին հեռախոսազրույցով Թեհմինե Ենոքյանին տեղեկացրել է Սևակ Մամյանը, ում խոսելու ընթացքում նույնպես տարել են ոստիկանության բաժին։
ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ 4 քաղաքացու նկատմամբ վարչական բերում է իրականացվել և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։










