«Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցը թուլացել է. ՄԱԿ
Աֆղանստանում, Մալիում, Սոմալիում և աշխարհի այլ անկյուններում միջազգային հակաահաբեկչական գործողությունները թուլացրել են «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը չորեքշաբթի ուղարկվել է կազմակերպության Անվտանգության խորհուրդ։
ԱԽ հանձնաժողովի փորձագետները, որոնք հետևում են ահաբեկչական ցանցի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, նշել են, որ ցանցը ստիպված է հարմարվել նոր պայմաններին։ «Ալ-Կաիդայի» առաջնորդներն ավելի շատ ուշադրություն են հատկացնում համացանցի օգնությամբ քարոզչական գործունեությանը։
«Ցանցի և դրա մասնաճյուղերի հետ համագործակցողները շարունակում են ստեղծագործական մոտեցում ցուցաբերել կիրառվող տեխնոլոգիաների, գործողություների տակտիկայի, հարձակման թիրախների հարցում»,- նշել են փորձագետները։
Վերլուծելով աշխարհում հակաահաբեկչական գործողությունների վիճակը՝ նրանք հատկապես առանձնացնում են Մալիում և Սոմալիում հաջողությունները։ Միևնույն ժամանակ փորձագետներն ընդգծում են Սիրիայում ծայրահեղականների առկայությունից բխող վտանգը։










