Վճարովի կայանատեղիների նոր կարգի դեմ քաղաքացիական ընդվզումն անխուսափելի է. կարծիքներ (տեսանյութ)

11:19 • 08.08.13

Երևանում վճարովի ավտոկայանատեղիների նոր կարգը դժգոհության ալիք է առաջացրել թե՛ մի շարք վարորդների, թե՛ քաղաքացիական ակտիվիստների, և թե՛ քաղաքական գործիչների շրջանում: Ակտիվիստները պատրաստվում են քաղաքացիական անհնազանդություն դրսևորել, որին Tert.am-ի հետ զրույցում մի խումբ վարորդներ միանալու պատրաստակամություն հայտնեցին:


Մաշտոցի պուրակում արդեն մի քանի օր է այդ թեմայով քննարկումները շարունակվում են, ինչի մասին մեզ հետ զրույցում վկայեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը:


«Ինձ թվում է, որ եթե վարորդները պատշաճ ձևով միանան ակտիվիստներին, անհնազանդություն ցուցաբերեն և չվճարեն կայանատեղիների համար, հարցը կլուծվի այնպես, ինչպես չվճարեցինք 150 դրամը։ Դա մեր մայթն է, պատկանում է երևանցիներին, և ոչ մի ընկերություն իրավունք չունի դրանով փող աշխատել»,- ասաց նա՝ ավելացնելով, կայանատեղիների հարցում էլ քաղաքացիական ընդվզումն անխուսափելի է: Նա նաև նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ եթե մի փոքր կամք դրսևորվի, ապա ամեն բան հնարավոր է դառնում:


Նշենք, որ վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը կգործի այս տարվա սեպտեմբերից: Կարմիր գծանշաններով առանձնացված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում:

 

Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Այս մասին նշված է նաև քաղաքի որոշ հատվածներում արդեն տեղադրված ցուցանակների վրա:


ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նույնպես այս հարցում հնարավոր համարեց քաղաքացիական ընդվզումը: Ըստ նրա՝ ցանկացած որոշում, որը վերաբերում է քաղաքացիներին, պետք է հանրության կողմից ընդունվի, հակառակ դեպքում լեգիտիմ չի լինի:



«Մենք տեսնում ենք, որ հանրությունը լեգիտիմ չի համարում այդ որոշումը, որովհետև մարդիկ չեն հասկանում, թե ինչ ծառայություն են դրա դեմ ստանում: Հանրությունն այդ հարցում էլ տեղ ունի ընդվզելու և ընդվզումը հնարավոր է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր հանրության մեջ կատարվել է մտածելակերպի փոփոխություն, և ընդվզումը հնարավոր է, քանի որ հանրությունն այսօր պատրաստ չէ ոչ լեգիտիմ որոշումների. «Երբեք մի ասա՝ երբեք»:


Թեմայի շուրջ իր տեսակետը հայտնեց նաև Երևանի ավագանու«Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ շեշտելով, որ այդ հարցում ամեն մեկը պետք է անի ինչ կարող է։


«Ես չեմ կարող անհնազանդություն հայտնել, եթե կան մարդիկ, որ անհնազանդություն են հայտնում, դա իրենց իրավունքն է, ես կարող եմ խնդիրն իրավական դաշտում ուսումնասիրել և հետևություն անել, իմ օգնությունը գիտելիքների, հիմնավորումների մատակարարումն է, ինչը որ արեցինք 100 դրամի դեպքում»,– ասաց նա:


Ստյոպա Սաֆարյանը ևս հնարավոր է համարում քաղաքացիական ընդվզումը.«Մենք արդեն իսկ ստացել ենք բազմաթիվ տուգանքների ակտեր, ենթադրենք հիմա հայտարարեցին, որ տուգանքները կկիրառվեն սեպտեմբերից սկսած, բայց միևնույնն է, քաղաքացիներին չի կարող գոհացնել, որ մի մասնավոր կազմակերպություն նման կարգի բացահայտ գրդոն է անում քաղաքացիների հաշվին, որ այդ գրդոնին մասնակցում է Երևանի քաղաքապետարանը՝ որպես մահակ, քաղաքացիների գլխին, տուգանող, տեսուչ: Հետևաբար, նաև այս հարցում մենք լուրջ անելիքներ ունենք»:


Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ՝ երեկ քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն ուներ ավելի քան 40 ակտ: «Եթե ամեն օր մարդիկ բողոքում են, և կա անհանդուրժողականության ակցիա, նշանակում է՝ ժամանակն է կանգնել, կոչ անել չվճարել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր դեպքերում իրենք կանգնելու են մարդկանց կողքին, քանզի գտնում են, որ այդ կարգն անարդար է, և այդ ծառայությունը մատուցվում է գործարարի օգտին, այլ ոչ բնակիչների: Նա նաև վստահեցրեց, որ այդ որոշման դեմ իրենք բողոքարկելու են:


Մեզ հանդիպած վարորդներից գրեթե բոլորը պատրաստակամություն հայտնեցին բողոքել նոր կարգի դեմ: Ոմանք մտավախություն հայտնեցին, որ միևնույնն է, եթե անգամ չվճարեն, տուգանվելու են, դատարան են գնալու, հարկադիրի դուռն են հասնելու: Բայց եթե որոշեն, որ չեն վճարում, անպայման կմիանան: Ոմանք էլ արդեն սկսել են անհնազանդություն դրսևորել:


«Ես չեմ կանգնեցնում մեքենան նման կայանատեղիներում, իմ բողոքն արդեն նման կերպ եմ արտահայտում»,- մեզ հետ զրույցում ասաց տարեց մի վարորդ: