Ես Բաքվում կխմեմ հայկական կոնյակ. Գրիգորի Այվազյան

13:03 • 08.08.13

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը, ով իր թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում և ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ադրբեջանցիներին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում բեկումնային փոփոխություններ անել, ապա խոստացավ, որ ինքը Բաքվում հայկական կոնյակ կխմի, իսկ ԼՂՀ նախագահը Ստեփանակերտում՝ ադրբեջանական թեյ։


«Ես խոստացել եմ Ադրբեջանի ժողովրդին, որ եթե ընտրվեմ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ ի տարբերություն շատ-շատերի, ովքեր միայն խոստանում են, ես Բաքվի Գյուլիստան պալատում կխմեմ հայկական կոնյակ, իսկ Ստեփանակերտի նախագահը կխմի ադրբեջանական թեյ»,- ասաց նա։


Գրիգորի Այվազյան նշեց, որ ինքը հետամուտ է լինելու իրեն գրանցելու գործին. «Անկախ ադրբեջանական կողմի պատկան մարմինների՝ մեզ պատասխանելու կամ չպատասխանելու մեր օրինական պահանջին, մենք որոշում ենք ընդունել, չնայած հնարավոր բոլոր վտանգներին, այդուամենայնիվ, անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեկնենք Բաքու և մեր մասնակցությունը բերենք կայանալիք նախագահական ընտրություններին»։

Ավելին, ըստ Գրիգորի Այվազյանի, ով նաև Ադրբեջանի քաղաքացի է, ինքը դիտարկում է Ադրբեջանի միավորված ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հետ համագործակցությունը հնարավորությունը և այդ նպատակով, գուցե, հանդիպեն Մոսկվայում։


Գրիգորի Այվազյանի խոսքով ընդդիմադիր թեկնածուների հիմնական հակասությունների պատճառ կարող է լինել հայկական հարցը և ԼՂ հիմնախնդիրը։ Միաժամանակ նա նկատեց, որ Ռուստամ Իբրահիմբեկովը նաև այլ լուրջ խնդիր ունի, նախագահական ընտրություններին մասնակցելու հետ կապված։


«Ինքը քրեական հետապնդման է ենթարկվում, բացի այդ նա ՌԴ-ի քաղաքացի է հանդիսանում, ինչը նրա համար բարդացնում է իրավական գործընթացի հաջողությունը»,- ասաց նա և կանխատեսեց, որ Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր կլինեն։


«Քանի որ բոլոր թեկնածուները ներկայացված են, այդ թվում և ես, քանի որ ես Ադրբեջանի քաղաքացի եմ, իսկ թեկնածուները ներկայացնում են ծագումով տարբեր էթնիկական խմբեր։ Իլհամ Ալիևը ներկայացնում է երևանյան-նախիջևանյան կլանը, որը հայտնի է Ադրբեջանում, իսկ ծագումով քրդական ընտանիքից է։ Նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ներկայացնում է այսպես կոչված բաքվեցիների «հրեական» կլանի շահերը, նույնը ասում են նաև պարոն Իբրահիմբեկովի մասին, որ հրեական ծագում ունի, իսկ ես, բնականաբար, հայ եմ ծագումով»,- ասաց նա։