Ինդոնեզիայում ավելի քան 100 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է կովի

11:06 • 08.08.13

Ավելի քան 100 ուղևոր տեղափոխող ինդոնեզական Lion Air ընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս թռիչքուղու վրա հանդիպել է կովերի հոտի և բախվել կովերից մեկին, ինչի հետևանքով վնասվել են արգելակները, գրում է The Wall Street Journal-ը:

 

Երկու ուղևոր մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանք ստացած օգնությունից հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Կենդանին սատկել է:

 

Հասցված վնասները կարող էին շատ ավելի մեծ լինել, եթե կովերը մոտիկ լինեին այն հատվածին, որտեղ ինքնաթիռը դիպչում է գետնին՝ վայրէջք կատարելիս:

 

Ինչպես նշում է աղբյուրը, շները, կովերը, եղնիկները մեծ վտանգ են ներկայացնում թռիչքների անվտանգությանը: Բազմաթիվ օդանավակայաններ, հատկապես գյուղական տարածքներում գտնվող փոքր օդանավակայանները, չունեն անհրաժեշտ հնարավորություններ թռիչքուղիները կենդանիներից ազատելու համար: