«Փարքինգ Սիթի Սերվիսը» հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել տեսախցիկների մասին

11:16 • 08.08.13

Երևանում վճարովի ավտոկայանատեղիների համակարգի ներդրման ծառայությունը մատուցող «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե վճարովի ավտոկայանատեղիներում տեղադրված տեսախցիկներն ինչ անկյան տակ են տեղադրված և ինչ են նկարելու իրականում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:


«Ցանկացած մարդ պետք է իմանա՝ երբ ինքը մեքենայից դուրս է գալիս նկարվելու՞ է, թե՞ ոչ, կամ ում հետ է, կամ ուր մտավ: Նկարվելու է մեքենայի միայն համարնե՞րը, թե՞ ամբողջը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք այսօր չունենք»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն մերժել է տեղեկատվություն տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ, ինչի պատճառով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստվում է հարցը լուծել դատական հարթությունում:

 

Գևորգ Հայրապետյանն ընդգծեց, որ ընկերությունն իրենց պատասխանել է, որ իրենք հանրությանը ծառայություն չեն մատուցում: Այս առիթով նա ասաց.


«Իսկ եթե ծառայություն չի մատուցում, էլ ինչի՞ համար ենք մենք նրան վճարում: Ամեն դեպքում նա այս ոլորտում գերիշխող դիրք է գրավում շուկայում և պարտավոր է հանրության առաջ հաշվետու լինել, իհարկե, չհրապարակելով կոմերցիոն գաղտնիքներ»,- ասաց իրավաբանը: