Հարավային Օսիան Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել

14:30 • 08.08.13

Հարավային Օսիան Վրաստանին կոչ է արել հրաժարվել «ռուսական ագրեսիայի զոհի» դերից և դադարել խուսափել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելուց։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին ասված է երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

«Վրաստանը պետք է հրաժարվի միջազգային հանրությանը մոլորեցնելու ճանապարհից՝ խեղաթյուրելով փաստերը, պետք է ստորագրի ուժի կիրառման անընդունելության մասին համաձայնագիր և սկսի Հարավային Օսիայի և Վրաստանի միջև սահմանազատման, սահմանագծման աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ցխինվալում հիշել են, որ 2008թ.-ի օգոստոսին Վրաստանի նախագահը ստորագրել էր Մեդվեդև-Սարկոզի կարգավորման նախագիծը, սակայն «Վրաստանն այդպես էլ չի կատարել ստանձնած պարտավորությունները»։

 

Հարավային Օսիայում համոզված են, որ նոր իշխանությունների քաղաքական կուրսը քիչ է տարբերվում նախորդների քաղաքականությունից։ «Վրաստանն իրեն ներկայացնում է զոհի կարգավիճակում՝ դարձյալ և դարձյալ հայտարարելով Հարավային Օսիայի և Աբխազիայի հողերի հանդեպ իր պահանջների մասին»,-հայտնել են ԱԳՆ-ից։

 

Այսօր լրանում է ռուս-վրացական պատերազմի 5-րդ տարելիցը: Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։