Հրաչյա Հարությունյանի փաստաբանը փորձաքննության կարևոր փուլում մեկամսյա արձակուրդ է մեկնել. Regnum
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում վարձել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի համար մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի շահերը ներկայացնելու համար, մեկամսյա արձակուրդ է մեկնել։
Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ փաստաբանական շրջանակների աղբյուրներին հղումով։ Համաձայն աղբուրի՝ Մարգարյանի առաքելությունը դժվարանում է, քանի որ «նա հայերեն չգիտի», իսկ նրա պաշտպանյալը չի տիրապետում ռուսերենին։
Այժմ Մարգարյանին փոխարինում է նրա օգնականը, որը, սակայն, առանց թարգմանչի չի կարողանում շփվել պաշտպանյալի հետ։
Հայաստանի դեսպանատունը՝ Ռուսաստանի հայերի միության միջնորդությամբ, փաստաբանների հետ հանդիպումներից մեկին հրավիրել է թարգմանչի, սակայն նրան բանտի տարածք չեն թողել՝ պատճառաբանելով համապատասխան կարգավիճակի բացակայությունը։
Աղբյուրները նշում են, որ այժմ հետաքննությունը կարևոր փուլում է, և տեղի է ունենում դեպքի հանգամանքների փորձաքննություն, այդ թվում՝ ուսումնասիրվում է, թե ինչպես է առհասարակ հնարավոր եղել ՀՀ քաղաքացուն նստեցնել մի մեքենայի ղեկին, որի տեխնիկական վիճակն առնվազն խնդրահարույց էր։
Քանի որ վթարի պատճառներից մեկն էլ եղել է նաև մեքենայի գերբեռնվածությունը, ապա հարց է ծագում պատասխանատու անձանց գտնելու, որոնք թույլատրել են մեքենայի շահագործում՝ նման ռեժիմում։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հարվածել էր ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Դեռևս 15 մարդ գտնվում է հիվանդանոցում։ Հրաչյա Հարությունյանին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։










