Բուհական կրթությունը, ինչպես և ամեն ինչը, թանկանում է. ԿԳ փոխնախարար

15:33 • 08.08.13

Բուհերում ուսումնական վարձավճարները բարձրացնելու որոշումը կայացրել է ոչ թե Կրթության և գիտության նախարարությունը, այլ հենց բուհերը, որոնք էլ իրավունք ունեն սահմանել ուսման վարձի չափը, այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և նշեց, որ ընդհանուր առմամբ, թանկացումը եղել է 80-200 հազար դրամ:


Թե ինչու են, բուհերը որոշել թանկացնել ուսման վարձը, փոխնախարարը բացատրեց. «Հիմնական պատճառն այն է, որ բուհական կրթությունը ինչպես և ամեն ինչը թանկանում է, և այսօրվա եղած արժեքներով դժվար է ապահովել որակյալ բարձրագույն կրթությունը և նրա համապատասխանելիությունը համաշխարհային պահանջներին: Այսօր մեր դասախոսական կազմը ստանում է ցածր աշխատավարձ, բուհերը հնարավորություն չունեն լուրջ գույքային ներդրումներ անելու, վերազինվելու, տեխնոլոգիական բազան վերականգնելու»։


Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ սոցիալապես անապահով խավի համար սոցիալական քաղաքականություն է տարվում և ուսման վարձերի բարձրացումը չի հարվածի սոցիալապես անապահով խավին:


«Մի շարք լուրջ նախաձեռնություններ կան: Այս տարվանից գործելու է հատուկ սոցիալական ծրագիր և ընտանեկան նպաստների «Փարոս» համակարգում ներգրավված ընտանիքների երեխաներին հասնելու է 50-ից մինչև 100 տոկոս զեղչ՝ կախված անապահովության ինչպիսի միավոր կստանա այդ ընտանիքը»,– ասաց նա:


Բացի դրանից՝ փոխնախարարի խոսքով, կլինեն սոցիալական խոցելի խմբեր, որոնք ընդհանրապես կազատվեն ուսման վարձերից։ «Ծնողազուրկ երեխաներ, զինված ծառայողների, հաշմանդամություն ունեցող կատեգորիաներ»,-ասաց նա և նշեց, որ բուհերը հնարավորություն ունեն իրենց միջոցներից զեղչեր կատարելու մի շարք կատեգորիաների համար:


Կարինե Հարությունյանը նաև նշեց, որ ԿԳՆ-ն պետք է աշխատի բոլոր ուսանողների հետ, ովքեր դժվարություններ ունեն ուսումնական վարձերը վճարելու հարցում և փորձի աջակցել որևէ կերպ:
«Ի դեպ հայտնեմ, որ պետությունը սահմանելու է ուսման վարձի վերին շեմ, որից բարձր բուհերը չեն կարող ուսման վարձ սահմանել: Հիմա բոլոր բուհերին տրված է ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանություն. ուսման վարձը պետք է համապատասխանի այն ծախսերին, որը կատարում է բուհը տվյալ մասնագետին պատրաստելիս»,- բացատրեց նա։