Կալիֆոռնիայում հանցագործները ներողություն են խնդրել և բարեգործներին վերադարձրել գողացված իրերը

15:58 • 09.08.13

Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում (ԱՄՆ) հանցագործները վերադարձրել են բարեգործական կազմակերպությունից գողացված համակարգչային տեխնիկան, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով KTHV հեռուստաալիքին։


Բացատրական նամակում գողերը ներողություն են խնդրել Սեռական բռնության զոհերի օգնության ծառայությունից (Sexual Assault Services Office) և հաջողություններ մաղթել։

 

Գողացված իրերը բարեգործներին են վերադարձվել գողոնը հայտնաբերելուց ընդամենը 2 ժամ անց։ «Մենք պատկերացում չունեինք, թե ինչ ենք տանում։ Ահա ձեր իրերը։ Հույս ունենք, որ դուք հետագայում էլ կարող եք փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Աստված ձեզ օրհնի»,- ասվում է գողերի թողած նամակում։

 

Սեռական բռնության զոհերի օգնության ծառայությունն անվճար ծառայություններ է մատուցում կարիքավորներին։ Տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ իրենց ծառայության տարիների ընթացքում նման բան չեն տեսել։