Աշխատաժողով՝ աղետների ռիսկերի նվազեցման գործում գենդերային ջանքերի համատեղման թեմայով

11:42 • 09.08.13

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու մանկական հիմնադրամը, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը համատեղ այսօր անցկացրեցին «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում գենդերային հարցերի ուղղությամբ ջանքերի համատեղում և համակարգում» թեմայով աշխատաժողով։


Միջոցառմանը բացման խոսքով հադես եկավ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։ «Միջոցառման նպատակն է վեր հանել և քննարկել երկրում արտակարգ իրավիճակների ոլորտում և աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) գործընթացներում համայնքային մակարդակով առկա գենդերային խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները և մշակել համապատասխան գործողությունների պլան՝ գենդերային հարցերը ներառելով ԱՌՆ քաղաքականության, ծրագրերի և նախագծերի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերում»,– ասաց նա։


Մասնակիցները քննարկեցին, թե ինչ է գենդերը ԱՌՆ–ում, ինչպես նաև ներկայացրեցին առաջարկություններ ապագա գործողությունների ծրագրի վերաբերյալ։


«Աշխատաժողովը հատկապես կարևոր է նորաստեղծ մարզային ԱՌՆ թիմերի համար, որոնք դիտվում են որպես աշխատաժողովի հիմնական մասնակիցներ՝ միևնույն դաշտում աշխատող պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների կողքին»,– ասաց Դավիթ Կարապետյանը։


Զեկույցներով հանդես եկան ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը, գենդերային հիմնահարցերն ԱՌՆ գործընթացում թեմայով ելույթ ունեցավ ՕՔՍՖԱՄ–ի փորձագետ, ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը, գենդերը կրթության մեջ թեմայի շուրջ խոսեց ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը։